Այս դահլիճում ես թույլ չեմ տալու օրենքի խախտում, որը վտանգելու է մարդկանց կյանքերը. դիմակ կրելու շուրջ վիճաբանություն՝ Հ. Մարությանի և Թ. Վարդանյանի միջև (տեսանյութ)
Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի ելույթի սկզբում քաղաքապետ Հայկ Մարությանը, դիմելով նրան, ասաց. «Տիկին Վարդանյան ջան, խնդրում եմ դիմակ դրած ելույթ ունենաք», ինչին ավագանու անդամը պատասխանեց, որ դիմակով չի կարողանում խոսել: Հայկ Մարությանը ասաց, որ Վարդանյանը վտանգի տակ է դնում մարդկանց: Վարդանյանն արձագանքեց՝ կարող եք ինձ համարել հանցագործ։
«Այո, Ձեզ համարում եմ հանցագործ, եթե Դուք հիմա կովիդի դրական արդյունք ունեք ասիմպտոմ տանում եք, վտանգի տակ եք դնում այստեղ նստած մարդկանց: Քանի որ աշխատում եք նաև բժշկական ոլորտում, ինչու՞ եք վտանգի տակ դնում մարդկանց, ինձ համար զարմանալի է: Կա պարետի որոշում, որ փակ տարածքներում պետք է կրել դիմակ, հերիք եղավ արդեն, օրինակ պետք է ծառայեք, ոչ թե անեք այն ինչ կամենում եք»,-նշեց քաղաքապետը:
Վարդանյանն ասաց, որ օրենքը կիրառեն և տուգանեն, հերիք է:
«Ի՞նչ է նշանակում տուգանել և վերջ, չեք կարողանում խոսել, մի խոսացեք: Խոսափողը անջատեք, ես չեմ թողնելու այս դահլիճում օրենքի խախտմամբ ելույթ լինի: Ձեր նմանների պատճառով այն վիճակն է, որ մարդիկ գիտեն նորմալ է՝ ի՞նչ է նշանակում սա: Պարետի որոշում կա, փոխանակ Դուք հորդորեք, գալիս եք այստեղ հանում եք: Այս դահլիճում ես թույլ չեմ տալու օրենքի խախտումներ, որը վտանգելու է մարդկանց կյանքները, հերիք եղավ, բոլ եղավ»,- ասաց քաղաքապետը:










