Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի դեմ ռազմական գործողություններ սկսելը հետաձգել է

02:52 • 24.06.20

Հյուսիսային Կորեայի Գերագույն խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը հետաձգել է Հարավային Կորեայի դեմ ռազմական գործողություններ սկսելու՝ Գլխավոր շտաբի ներկայացրած ծրագրի իրագործումը, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Կորեական երկու հանրապետությունների հարաբերությունները կրկին սրվել էին այն բանից հետո, երբ հունիսի 16-ին Հյուսիսային Կորեան պայթեցրել էր սահմանային գոտուց ոչ հեռու գտնվող արդյունաբերական ձեռնարկությունում տեղակայված կապի միասնական գրասենյակը: Մինչ այդ Փհենյանը մի քանի անգամ սպառնացել էր դուրս բերել գրասենյակն ու միակողմանիորեն դուրս գալ Հարավային Կորեայի հետ կնքված ռազմական պայմանագրից, եթե Սեուլը հարավկորեացի ակտիվիստներին հետ չպահի դեպի Հյուսիսային Կորեայի տարածք քարոզչական նյութ ուղարկելուց:

Չնայած Սեուլի հավաստիացումներին, թե կփորձեն հետ պահել իրենց ակտիվիստներին նման քայլերից, Փհենյանը իրավիճակի հանդարտեցման չգնաց, հարավկորեական կողմն էլ հայտարարեց, թե իրավիճակի հետագա սրման ողջ պատասխանատվությունը հյուսիսկորեական կողմն է կրելու: