Դասախոսներ կան, որ բոլոր դասերը նվիրել են վարչապետի մասին տարբեր լեգենդներ, հորինված պատմություններ պատմելուն. Լուսինե Բադալյան (տեսանյութ)

15:32 • 24.06.20

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ներկայացրեց, որ այս հեռավար կրթության ընթացքում առանձնացրել է դասախոսների երեք տիպ:

Առաջին տեսակը նա համարեց նրանց, ովքեր գիշեր-ցերեկ աշխատում են, ուսումնական պլաններ են մշակում: «Երկրորդը՝ դասախոսներ, անհրաժեշտության դեպքում նրանց անուն-ազգանունները կփոխանցեմ, ովքեր, օգտվելով հեռավար կրթության պայմաններից, վերահսկողությունից դուրս գտնվելուց, այս ամիսների ընթացքում բոլոր դասերը նվիրել են միայն կառավարությանը, մեղմ ասած, քննադատելուն, մասնավորապես, տարբեր լեգենդներ, հորինված պատմություններ պատմել վարչապետի մասին»,-ասաց նա:

Լուսինե Բադալյանը նշեց, որ եթե հնարավոր լինի անցնել ուսումնական նորմալ դասապրոցեսին, կարելի է մտածել դասախոսների գիտելիքների վերազինում, վերապատրաստում իրականացնելու մասին և ընդհանրապես մաղել և թողնել այն դասախոսներին, որոնք գիտելիք են փոխանցում:

«Դասախոսների մի տեսակ էլ, օգտվելով այն առիթից, որ դասապրոցեսը չի ստացվում, և շատերը հետ են մնալու, 500 դոլարով պայմանավորվում են պարապելու և հետո քննությունների ժամանակ գնահատականներ տալ: Սիրելի ուսանողներ, սա այն ժամանակահատվածն է, որ դուք կերտում եք ձեր ապագան և եթե նույնիսկ ձեր դասախոսները սկսում են ձեզ պատմել հեղափոխության որպես չարիք երևույթի մասին, այդ ժամանակ խնդրում եմ հետ բերեք նրանց՝ ասելով քաղաքականությունը թողնել քաղաքական գործիչներին»,- ասաց նա: