Սա խայտառակություն է, անթույլատրելի. Մանե Թանդիլյանը՝ գույքահարկի բարձրացման մասին (տեսանյութ)
Սա խայտառակություն է: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ խոսելով գույքահարկի բարձրացման վերաբերյալ նախագծի մասին:
«Արտակարգ դրության պայմաններում գույքահարկի բարձրացման օրինագիծ բարձրացնելը, չգիտեմ որ տնտեսական թիմի մտքով կարող է անցնել և անել դա արտահերթ ռեժիմով, սա անթույլատրելի է»,- ասաց նա և նշեց, որ արտակարգ ռեժիմով հարցը բերելը Կառավարության դանդաղկոտության արդյունքն է:
Պատգամավորն անընդունելի համարեց այն, որ նման ռեֆորմ է բերվում այսօր: «Հիմնական շահառուն Երևանի քաղաքապետարանն է, բայց Երևանի համայնքապետարանը դեռևս չի հասցրել կարծիք չի տալ: Երևանի քաղաքապետարանը 65 տոկոս կատարողական ունի՝ հավաքելով քաղաքացիների հարկերը, բայց նույնիսկ հավաքած գումարը չեն կարողանում ծախսել: Կարո՞ղ է մի հատ քննարկման առարկա դարձնեիք, ամենախոշոր շահառուի հետ, բայց, երևի, ձեզ հետաքրքիր չի ոչ մեկի կարծիքը»,-ասաց նա:
Պատգամավորը նկատեց, որ գույքահարկը միջինը 3-4 անգամ է բարձրանում և աներկբա է, որ բացարձակ արժեքով բոլորի գույքահարկն ավելանում է: «580 հազար նոր գույքային միավոր դառնում է հարկատու: Ասում եք տեսանելի հարստությունն ենք գանձում, այդ մինչև 3 միլիոն դրամանոց գույք ունեցո՞ղն է տեսանելի հարստություն, ինչ է ձեզ տալու, օրինակ, 140 դրամ վճարած մի գյուղացու հարկը»,-ասաց նա:
Մանե Թանդիլյանը համաձայնեց, որ 200 միլիոնից ավելը պետք է ավելի հարկվի, բայց դրա հաշվին պետք է չհարկվող շեմ սահմանվի: Նա նշեց, որ որևէ սոցիալական բաղադրիչ հաշվի չեն առել:
Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:










