Կյանքից հեռացել է Նունե Բեքարյանը

13:47 • 24.06.20

Մահացել է վաստակավոր մանկավարժ, անգլերենի մասնագետ Նունե Բեքարյանը:

Նրա եղբայրը՝ հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նուն քո լույսը, ջերմությունը, հոգատարությունը՝ միևնույն է միշտ ինձ հետ կլինեն:

Գիտեմ, որ քո պահապան ուժը միևնույն է կզգամ՝ անգամ այնտեղից… ու երբեք ինձ մենակ չեմ զգա:

Գիտեմ, որ միանում ես պապային ու մամային… հեռացած Բեքարյաններին ու Պեպանյաններին … ու Տիրոջ սիրո մեջ՝ նրանց սիրո պակասն էլ չես ունենա:

Գիտեմ… բայց միևնույն է՝ ցավը շաաաատ է մեծ…

Սիրում եմ քեզ… ու կներես, որ հաճախ չեմ ասել քեզ այս բառերը…

Հանգչիր խաղաղությամբ ու Աստված հոգիդ լուսավորի…»:

Այսօր Կարեն Բեքարյանը մեկ այլ գրառում է արել, որում շնորհակալություն է հայտնել ցավակցությունների և ջերմ խոսքերի համար:

«Հարգելի հարազատներ, ընկերներ, մտերիմներ...

Շնորհակալ եմ ցավակցությունների ու ջերմ խոսքերի համար:

Քրոջս՝ Նունե Մանուկի Բեքարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր, հունիսի 24-ին ՀՀ, Կոտայքի մարզի Առինջ գյուղից հարավ-արևելք գտնվող Ձագավանքի (Գետարգելի Ս.Նշան վանք) հարևանությամբ գտնվող սգո սրահում, ժամը՝ 18:00 - 20:00:

Հուղարկավորության արարողությունը՝ վաղը, հունիսի 25-ին - ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում, ելքը վերը նշված սգո սրահից՝ 13:00:

Հաշվի առնելով երկրում առկա համաճարակի խնդիրը և դրանից բխող վտանգները, իմ և ընտանիքի անունից՝ խնդրում եմ բոլորին հնարավորինս զերծ մնալ արարողություններին անմիջական մասնակցությունից: Հասկանում ենք, որ ծանր է ու դժվար, երբ հնարավոր չէ սեփական ներկայությամբ հրաժեշտ տալ մարդուն ու հարգանքի տուրքը մատուցել նրան ու ընտանիքին: Հասկանում ենք, բայց մեր ցավը կբազմապատկվի, եթե արարողություններն անգամ մեկ լրացուցիչ մարդու առողջական խնդրի առիթ դառնան: Վստահ եմ, Նունեն նույնը կասեր…

Շնորհակալ եմ մեզ հասկանալու և հոգով մեր կողքին լինելու համար...

Tert.am–ը ցավակցում է Բեքարյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին՝ Նունե Բեքարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։