Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ՝ 89 «կողմ» ձայնով ընդունեց «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Կառավարության կողմից ներկայացրած օրինագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել Կառավարությանը` արտակարգ դրության պայմաններում փոփոխություններ և լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում, հաստատել նաև նոր ցանկ:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում հարցի հիմնական զեկուցող, Կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասել էր, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոխելու բուհերի ընդունելության կարգը:
«Կառավարության հաստատած նոր կարգով ընդունելությունն իրականացվելու է մեկ քննության արդյունքների հիման վրա, դիմում-հայտերի առցանց ընդունման եղանակով, հայտերի լրացման նոր տարբերակով: Ընդունելության նոր պայմանների սահմանմամբ՝ համապատասխանաբար պահանջ է առաջանում նաև փոփոխել արդեն հաստատված մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը»,- ասալ էր նախարարը:










