Սաակաշվիլին պատմել է, թե ինչպես է նախագահ եղած ժամանակ Թրամփի հետ Վրաստանում գիշերային ակումբներ այցելել ու ցատկել շատրվանների վրայով
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ, այժմ Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատմել է, թե ինչպես է նախագահ եղած ժամանակ Վրաստանում Դոնալդ Թրամփին հյուրընկալել և նրա հետ գիշերային ակումբներ այցելել, հայտնում է РИА Новости-ն:
Սաակաշվիլին պատմել է, որ նախագահ եղած տարիներին Վրաստանում բազմաթիվ արտասահմանյան հյուրեր է ընդունել, այդ թվում՝ Հիլարի Քլինթոնին, Ջոն Մքքեյնին և Դոնալդ Թրամփին: «Թրամփն էլ է Վրաստանում եղել, իրար հետ ոտքով էինք զբոսնում, ես նրան իմ էլեկտրամոբիլով պտտում էի քաղաքով մինչև առավոտյան ժամը 7-ը: Գիշերային 2 ակումբում էլ ենք եղել: Շատրվանների վրայով էլ ենք ցատկել»,-մանրամասնել է Սաակաշվիլին Դմիտրի Գորդոնի վարած յութուբյան հաղորդման ժամանակ:
Սաակաշվիլին հեռացել է Վրաստանից 2013թ-ին, որտեղ նրա նկատմամբ մի քանի քրեական գործեր էին հարուցվել, և հեռակա կարգով նրան մի քանի տարվա ազատազրկման են դատապարտել: 2015թ-ի գարնանը հանգրվանում է Ուկրաինայում, որի արդեն նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն նրան նշանակում է Օդեսսայի նահանգապետ, սակայն 2016թ-ի նոյեմբերին անարդյունավետ աշխատանքի հիմնավորմամբ հեռացնում պաշտոնից, իսկ 2017թ-ի հուլիսի վերջին զրկում Ուկրաինայի քաղաքացիությունից: 2018թ-ի փետրվարին Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիին արտաքսել էին Լեհաստան, իսկ նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին 2019թ-ի մայիսին վերականգնեց նրա քաղաքացիությունը, որից հետո Սաակաշվիլին վերադարձավ Ուկրաինա:










