«Հեղափոխության պահապան» Հայկ Ստեփանյանի հետ ծեծկռտուքի մեջ մտած երիտասարդների ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչվել. նրանք դատարանի դահլիճից ազատ են արձակվել. պաշտպան
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից Գոռ Բաղդասարյանի և Վահե Նազարյանի ձերբակալումը, նրանք դատարանի դահլիճից ազատ են արձակվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց նրանց պաշտպան Սասուն Ռաֆայելյանը:
Պաշտպանը ներկայացրեց, որ քրեական գործը հարուցվել է խուլիգանության 4-րդ մասի հատկանիշներով: Վահե Նազարյանը և Գոռ Բաղդասարյանն ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ: Սասուն Ռաֆայելյանը նաև նշեց, որ հունիսի 22-ին նրանք երկուսն էլ ձերբակալվել են խուլիգանության կատարելու կասկածանքով:
«Վերջիններիս ձերբակալումը օրինաչափ չէր, ուստի բողոքարկել ենք, երկու դեպքում էլ դատարանը գտել է, որ ձերբակալումը իրավաչափ չէ: Նրանք ազատ են արձակվել: Ներկայումս նախաքննությունը շարունակվում են, սպասում ենք իրադարձությունների զարգացմանը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության 102 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել էր Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Հայկ Ստեփանյանը և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել։ Հայկ Ստեփանյանը ներկայացել էր որպես «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ։ Ավելի ուշ Tert.am-ը խոսել էր միջադեպի մասնակիցներից մեկի հոր հետ, վերջինս նշել էր, որ Հայկ Ստեփանյանի տված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:
Խոսելով դեպքի մանրամասների մասին՝ պաշտպան Սասուն Ռաֆայելյանը նշեց, որ համացանցում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Նրա խոսքով՝ համացանցում տարածվում է, թե միջադեպի ենթատեքստը քաղաքական է և իբր Գոռ Բաղդասարյանը հայհոյանքներ է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, սակայն նա պնդեց՝ իր պաշտպանները երբևէ կապ չեն ունեցել քաղաքականության հետ և չեն ճանաչել «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանին:
«Համացանցում լուսանկարներ կան արդեն, որ իմ պաշտպանյալները ակտիվ մասնակցել են հեղափոխությանը, մասնակցել են ցույցերին և այստեղ անհնարին է դառնում վարչապետին հայհոյելը և աբսուրդ է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Հայկ Ստեփանյանի «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամ լինելու պատճառով»,-նշեց պաշտպանը:
Սասուն Ռաֆայելյանը ներկայացրեց, որ միջադեպը սկսվել է հունիսի 21-ին, երբ տղաները վերադառնում էին Աշտարակ քաղաքից: Հայկ Ստեփանյանը մեքենայի ազդանշանով ճանապարհ է ուզել Գոռ Բաղդասարյանից, սակայն ճանապարհին բեռնատար լինելու պատճառով վերջինս չի կարողացել ճանապարհ տալ, որից հետո Հայկ Ստեփանյանը երիտասարդներին մեքենայից դուրս է հրավիրել, հնչել են հայհոյանքներ և ծեծկռտուք է սկսվել:
«Երկուսին էլ թիկունքից են խփել, գցել գետնին, հարվածներ են հասցրել: Հայկ Ստեփանյանի հետ մոտ 5 մեքենա է եղել: Հարվածների արդյունքում Գոռի ձեռքն է կոտրվել, իսկ Վահեի ամբողջ մարմինը կապտուկներով է պատվել: Այդ ժամանակ Հայկի մեքենայից ինչ-որ կին է դուրս եկել, միջամտել, բղավել, որից հետո կրքերը հանդարտվել են»,- պատմեց պաշտպանը:
Պաշտպանը նաև ասաց, որ այս վիճաբանությունից հետո Հայկ Ստեփանյանը մոտեցել է Գոռ Բաղդասարյանին, իր հեռախոսահամարը տվել ու ասել՝ եթե ծեծի պատճառն ուզում է իմանալ, ապա պետք է զանգի:
«Իմ վստահորդը եկել է տուն, վիրակապվել ու զանգել Հայկին, որպեսզի հանդիպի, հասկանա, թե ինչ է տեղի ունեցել: Տիչինայում հանդիպում են, որտեղ Հայկը կրկին հայհոյանքներ է հնչեցնում, որի համար Գոռն ու Վահեն վերջինիս ծեծի են ենթարկում: Այդ աղմուկից հետո տարածքում մեծ թվով մարդիկ են հավաքվում, որոնք, ըստ վարույթ իրականացնող մարմնի՝ ևս ծեծի են ենթարկում Հայկին: Մենք դրա մասին տեղեկություն չունենք: Այստեղ ի՞նչ կապ ուներ Նիկոլ Փաշինյանը, քաղաքականությունը»:
«Մենք պնդում ենք, որ մեր պաշտպանյալները որևէ խուլիգանական արարք չեն կատարել, գործողությունները բացառապես կապ են ունեցել վերջիններիս անձը վիրավորելու հետ և գործողությունները ուղղված են եղել Հայկին՝ հայհոյելու համար, այլ ոչ թե որևէ քաղաքական հասարակությանը»,- ասաց նա և հարցին, թե իսկապես իշխանական պատգամավոր է ականատես եղել միջադեպին, վերջինս պատասխանեց՝ այո, սակայն միջադեպը չքաղաքականացնելու նպատակով անունը չեն հրապարակում:









