Երևանում ոստիկանները հայտնաբերել են մի քանի անգամ դատապարտված, հետախուզման մեջ գտնվող 35-ամյա տղամարդուն. Shamshyan.com

02:21 • 24.06.20

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Երևան քաղաքի Նորագավիթ 6-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել են 2019 թ.-ի դեկտեմբերի 18-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հետախուզման մեջ գտնվող Դիլիջան քաղաքի բնակիչ, 35-ամյա Ա. Բ-ին:

Ավելի վաղ՝ 2019թ-ի դեկտեմբերի 11-ին, կրակոցներ էին հնչել Տավուշի մարզում, որոնց հետևանքով հրազենային վնասվածքներ էր ստացել Ա.Ղ-ն: Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ տվյալներով պարզել էին, որ վերջինին հրազենային վնասվածքները պատճառել էր Ա. Բ.-ն, որն այնուհետև դեպքի վայրից Range Rover մակնիշի ավտոմեքենայով դիմել էր փախուստի: