Արդյո՞ք Հայաստանը կանգնած է ազգային անվտանգության խնդրի առաջ. Թագուհի Թովմասյանը՝ փոխնախարարին (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին, երբ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը զեկուցող Արմեն Հայրապետյանին խնդրեց անդրադառնալ այն քննադատություններին, որ Հայաստանն արդեն պահուստային ֆոնդից է միջոցներ օգտագործում, և շուտով ունենալու ենք ազգային անվտանգության խնդիր:
«Արդյո՞ք Հայաստանը կանգնած է այդքան ծայրահեղ խնդրի առաջ»,- հարցրեց պատգամավորը, ինչին ի պատասխան, Արմեն Հայրապետյանն ասաց, որ ազգային անվտանգության խնդիր չեն տեսնում:
«Եթե որևէ ռիսկ տեսնենք, բնականաբար քայլեր կանենք այդ ուղղությամբ: Եթե նկատի ունեք ֆինանսական, ֆիսկալ անկայունության, բյուջետային ռեսուրսների անբավարարության առումով խնդիր, ես նման խնդիր չեմ տեսնում»,-ասաց նա:
Նշենք, որ Արմեն Հայրապետյանը զեկուցելիս հայտնել էր, որ բյուջեի ֆինանսավորումը կայուն ապահովելու համար, անհրաժեշտություն է առաջացել դիմել Արժույթի միջազգային հիմնադրամ: Նա հայտնել է, որ 315 միլիոն դոլարի մասին է խոսքը, 280 միլիոն դոլար տնօրենների խորհուրդը արդեն հաստատել է, իսկ 35 միլիոնը՝ սեպտեմբերին նախատեսված հնարավորություն է:










