ՍԴ կարող ենք դիմել ՀՀ նախագահին սահմանադրական փոփոխությունները հաստատելուց զրկելու, ինչպես նաև այն հարցով, որ ԱԺ-ն սահմանադրական փոփոխությունների համար չդիմեց ՍԴ. Տարոն Սիմոնյան (տեսանյութ)
Իրավաբանական միջին գիտելիքներ ունեցող ՀՀ քաղաքացիների համար պարզ էին այն խախտումները, որոնք թույլ տրվեցին սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծն ԱԺ-ում ընդունելու ժամանակ: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Թվարկելով խախտումները՝ Սիմոնյանը նշեց. «Այս խախտումները թույլ են տալիս ՍԴ դիմել պատգամավորների մեկ/հինգերորդի ձայներով ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու համար, որով նախագահը զրկվեց սահմանադրական փոփոխությունները ստորագրելու լիազորությունից: Մեկ այլ հիմքը սահմանադրական մարմինների լիազորությունների շուրջ առաջացած վեճն է՝ արդյոք ԱԺ-ն իրավունք ուներ չդիմել ՍԴ, այս հարցերի պատասխանը տվող միակ մարմինը ՍԴ-ն է»:
Տարոն Սիմոնյանը նշեց, որ սահմանական փոփոխությունների սահմանադրականությունը ՍԴ-ում ստուգելը հնարավոր չէ, քանի որ Սահմանադրության 168-րդ հոդվածով նշվում է, որ ԱԺ-ն պետք է դիմի ՍԴ: «Բայց կարող ենք դիմել այն հարցերով, որոնք նշեցի արդեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել նախագծի սահմանադրականությունը ստուգելու նպատակով ՍԴ դիմելու համար, սակայն չունի անհրաժեշտ թվով ձայներ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի միանա «Բարգավաճ Հայաստան»-ին Սահմանադրական դատարան դիմելու հարցում, ՍԴ կդիմի հուլիսի 7-ից հետո:










