Թրամփը նախագահական ընտրություններում հաղթելու «բանալին» է գտել

06:07 • 24.06.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կարող է վերընտրվել ոստիկանությանը հատկացվող ֆինանսավորումը կրճատելու վերաբերյալ դեմոկրատների հնչեցրած կոչի շնորհիվ, հայտնում է РИА Новости-ն:

«Ես Սպիտակ տանն էի, երբ ինձ ասացին, որ դեմոկրատները ցանկանում են կրճատել և վերացնել: Ես հարցրի՝ ի՞նչը: Պատասխանեցին, որ ոստիկանությանը հատկացվող ֆինանսավորումը: Եվ ես այդ պահին ասացի՝ հրաշալի է, ես հենց նոր հաղթհեցի ընտրություններում»,-հայտարարել է Թրամփը ԱՄՆ Արիզոնա նահանգում կայացած նախընտրական հանրահավաքում: 

Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կանցկացվեն, Թրամփի մրցակիցը դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենն է:

Արիզոնան վիճահարույց համարվող նահանգներից է, քանի որ այստեղ հանրապետականների ու դեմոկրատների թիվը գրեթե հավասար է: 2016թ-ին Թրամփն այստեղ իր այն ժամանակվա մրցակից Հիլարի Քլինթոնին ձայների փոքր տարբերությամբ էր հաղթել:

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո օրեր շարունակ ԱՄՆ-ի տարբեր շրջաններում ոստիկանության ու ռասիզմի դեմ բողոքի ակցիաներ էին անցկացվում՝ ոստիկանական համակարգում լուրջ բարեփոխումներ իրականացնելու պահանջով: