Թրամփը Ուկրաինայի իշխանություններին փորձել է օգտագործել իր սեփական քաղաքական նպատակների համար.բացահայտում է Բոլթոնի գիրքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է օգտագործել Ուկրաինայի իշխանություններին իր քաղաքական մրցակից Ջոզեֆ Բայդենի նկատմամբ հետաքննության հասնելու համար։ Այս մասին Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը։
Զրույցը նվիրված է եղել Բոլթոնի «Սենյակը, որտեղ տեղի է ունեցել այդ ամենը. Սպիտակ տան հուշագրություններ» (the Room Where It Happened: A White House Memoir) գրքի լույս տեսնելուն։
«Իմ դիտարկումների համաձայն՝ նախագահ Թրամփը Ուկրաինայի իշխանությունների լիազորությունները փորձել է օգտագործել իր սեփական քաղաքական նպատակների համար»,-նշել է նախկին խորհրդականը։
Նա ընդգծել է, որ «ափսոսանք առաջացնող այլ գործողություններ նույնպես եղել են, որոնցից ոչ բոլորն են պաշտոնանկության գործընթացի առիթ հանդիսացել»։
Բոլթոնի խոսքով՝ դեմոկրատները, ձգտելով հասնել Թրամփի պաշտոնանկությանը, «որդեգրել են մի ռազմավարություն, որն ակնհայտորեն հանգեցրել է անհաջողության, քանի որ նրանք առաջին հերթին նեղ քաղաքական նպատակներ են հետապնդել»։
Հիշեցնենք, որ Թրամփի` Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ անցյալ տարի ունեցած հեռախոսազրույցը հայտնվել էր համընդհանուր ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ հեռախոսազրույցը հետախուզության աշխատակցին անհանգստացնող է թվացել, և նա այդ մասին բողոք-դիմում է ուղարկել ղեկավարությանը: Այնուհետև հրապարակվել էր հեռախոսազրույցի ձայնագրությունը: Հաստատվել էր, որ Թրամփը Զելենսկուն խնդրել է հետաքննություն իրականացնել Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի պաշտոնից ազատման հանգամանքների վերաբերյալ: Շոկինը հետաքննություն էր իրականացնում Burisma Group-ի գործունեության վերաբերյալ, որի տնօրենների խորհրդի կազմում էր նաև նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին` Հանթեր Բայդենը:










