Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ պատրաստ է վկայություն տալ Թրամփի դեմ

11:25 • 24.06.20

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ պատրաստ է երդման միջոցով հաստատել իր խոսքերն այն մասին, որ Դոնալդ Թրամփը ՉԺՀ ղեկավար Սի Ցզինփինին խնդրել է օգնել իրեն վերընտրման հարցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ավելի վաղ «Սենյակը, որտեղ տեղի է ունեցել այդ ամենը. Սպիտակ տան հուշագրություններ» (The Room Where It Happened: A White House Memoir) գրքում Բոլթոնը նկարագրել է Թրամփի և Սի Ցզինփինի միջև տեղի ունեցած խոսակցությունը, որում ամերիկացի առաջնորդն իր չինացի գործընկերոջը խնդրել է ավելացնել մի շարք ամերիկյան նահանգներից գյուղատնտեսական ապրանքների գնումները, քանի որ դա Թրամփի համար հաղթանակ կապահովեր ընտրություններում։ Ավելի ուշ ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերթ Լայթհայզերը Կոնգրեսի լսումների ժամանակ հերքել է այդ պնդումները։

«Բոլորս, ովքեր ներկա ենք եղել այդ հանդիպմանը, կարող ենք վկայություն տալ, ես էլ ուրախ կլինեի դա անել։ Դրանք իմ հիշողություններն են։ Սակայն, ըստ իս, շատ ավելի կարևոր է, թե ինչ է հիշում չինական կողմը»,- նշել է Բոլթոնը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։

Նա հավելել է, որ այդ հարցը քննարկել է Ազգային անվտանգության խորհրդի անդամների, Սպիտակ տան իրավաբանի և գլխավոր դատախազի հետ։

Հիշեցնենք, որ Բոլթոնը նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցրել է 2018-2019 թվականներին։