«Կորոնավիրուսը ծնկի է բերել մեր ազգին». ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան 7 տրլն դոլարի ծախս է կանխատեսել վարակի դեմ պայքարի համար
«Կորոնավիրուսն ԱՄՆ-ին և մեր ազգին ծնկի է բերել»,-հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնների տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդը՝ հիշեցնելով, որ երկրում գրանցվել է ավելի քան 2,3 մլն վարակման դեպք, որից ավելի քան 121 000-ը՝ մահվան ելքով:
Ինչպես նշում է The Guardian-ը, պաշտոնյան այս մասին ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ելույթի ժամանակ:
«Մենք ուժերի ներածին չափով պայքարել ենք այս վարակի տարածում զսպելու համար, սակայն իրականությունն այն է, որ այն մեր ազգին ծնկի է բերել: Մենք, ըստ ամենայնի, այս փոքրիկ վարակի պատճառով 7 տրլն դոլար կծախսենք»,-ասել է Ռեդֆիլդը:
Նրա խոսքով՝ թեպետ ԱՄՆ-ն բոլոր հնարավորություններն օգտագործել է համավարակին դիմակայելու համար, այնուհանդերձ՝ միշտ էլ կգտնվեն քննադատներ: Այս ասելով` Ռեդֆիլդը նկատի է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում մշտական քննադատության թիրախում լինելու փաստը:
Պաշտոնյան նաև ընդգծել է, որ երկրի առողջապահական համակարգը անհապաղ ներդրումների կարիք ունի:
Նշենք, որ ԱՄՆ-ն կորոնավիրուսի վարակակիրների և մահվան դեպքերի թվով աշխարհում բացարձակ առաջատար է:










