Ղրղզստանի նախագահը ժամանել է Մոսկվա, սակայն չի կարողացել մասնակցել Հաղթանակի զորահանդեսին՝ իրեն ուղեկցող անձանց մոտ հայտնաբերված կորոնավիրուսի պատճառով (տեսանյութ)

14:10 • 24.06.20

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ժամանել է Մոսկվա՝ Հաղթանակի զորահանդեսին մասնակցելու, սակայն այդպես էլ չի կարողացել ներկա գտնվել միջոցառմանը. ղրղզ առաջնորդի շրջապատից երկու անձի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է  eadaily.com կայքը:

Ռուսաստանի մայրաքաղաք ժամանելուն պես Ժեենբեկովն ու նրան ուղեկցող բոլոր անձինք հերթական անգամ կորոնավիրուսի թեստ են հանձնել: Նախագահին ուղեկցող անձանցից երկուսի մոտ թեստի պատասխանը դրական է եղել, ինչն անհնարին է դարձրել Ժեենբեկովի մասնակցությունը զորահանդեսին:

«Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Դանիյար Սիդիկովի և անվտանգության մի աշխատողի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Նախագահը որոշել է զերծ մնալ միջոցառմանը մասնակցելուց»,-տեղեկացրել է Ժեենբեկովի մամուլի ծառայությունը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր զորահանդեսը, որը կորոնավիրուսային համավարակի պատճառով մայիսի 9-ին չէր կայացել:

Ընդհանուր առմամբ, զորահանդեսին մասնակցելու հրավեր է ուղարկվել աշխարհի քսան պետության ղեկավարի, որից տասներեքը հրավերն ընդունել է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մոսկվա՝ ելնելով համաճարակային իրավիճակից․ վարչապետն օրերս նամակ է հղել Վլադիմիր Պուտինին և տեղեկացրել այդ մասին: Զորահանդեսին չեն մասնակցի նաև Ադրբեջանի, Թուրքմենստանի նախագահները, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, այլք:

Կարմիր հրապարակով անցել են Հայաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի ռազմական հաշվարկները, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է եղել 70 հոգուց: