Լատվիայում 4-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել

17:36 • 24.06.20

Լատվիայում 4-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Լատվիայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացրած տվյալներին:

«Համավարակի սկզբից ի վեր անցկացվել է 141 713 թեստավորում, կորոնավիրուս է հայտնաբերվել 1111 մարդու մոտ, մահացել է 30 մարդ: Վերջին 4 օրերի ընթացքում վարակման ոչ մի դեպք չի գրանցվել»,-ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Հունիսի 24-ի տվյալներով` Լատվիայում վարակված անձանցից առողջացել է 903 մարդ, կամ վարակվածների ընդհանուր թվի 81,4%-ը:  Հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ 8 հիվանդ, նրանցից 7-ի մոտ հիվանդությունը միջին ծանրության է, մեկը գտնվում է ծանր վիճակում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 9 393 478 է, մահացել է 480 579 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: