«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի միանա «Բարգավաճ Հայաստան»-ին Սահմանադրական դատարան դիմելու հարցում, ՍԴ կդիմի Ռ. Քոչարյանի գործով քննության ավարտից հետո (տեսանյութ)  

10:01 • 24.06.20

Խորհրդարանը երկուշաբթի օրը մեկուկես ժամում սահմանադրական փոփոխություններն ընդունեց, հետո օրենքը չուղարկեց ՍԴ՝ ՀՀ նախագահին զրկելով նախագիծը ստորագրելու իրավունքից, այն, ինչ տեղի ունեցավ, դա ասպատակություն էր ՍԴ-ի վրա. հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ այս հարցով զբաղվողները պնդում են, որ իրենց քայլերը պայմանավորված են քաղաքական շահագրգռությամբ և դա կապված է ՍԴ-ում քննվող մեկ գործի հետ՝ ՀՀ երկրորդ նախագահի գործի մասին է: Նա ասաց, որ իրենք մինչ այս պահը չեն արձագանքել նման պնդումների, որովհետև թողել են իրավական գործընթացներն իրավական ճանապարհով ընթանան:

«Հենց այն օրը, որ օրը խորհրդարանը քննարկում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ՍԴ-ն աշխատակարգային նիստ արեց և որոշում ընդունեց, որ երկրորդ նախագահին առնչվող գործը իրենք կքննեն հուլիսի 7-ին: Դրանից հետո երկրորդ նախագահի փաստաբանական խմբից երեկ հարցազրույցում ասել են, որ սա արվում է, որ միջամտվի, ազդեցություն լինի ՍԴ-ում քննվող գործի հետ կապված: Մեր քննարկումների արդյունքում որոշել ենք՝ չմիջամտել այս գործընթացին: Գործն էլ քննվում է գրավոր ընթացակարգով և շատ արագ որոշում պետք է ունենա»,- ասաց նա:

Մարուքյանը ընդգծեց՝ վեճի հետ կապված հարցերով սահմանադրությունը տալիս է երեք ամիս ժամկետ, իսկ օրենքի հետ կապված ժամկետ չկա և պատգամավորները ցանկացած պահի կարող են դիմել: «Մենք հիմա դիմումի վրա աշխատանքները, ըստ էության, արդեն սկսել ենք, ու հենց այդ գործով նիստը տեղի կունենա և կավարտվի, այս բոլոր խնդիրների հետ կապված, գործընթացը հակասահամանդրական ճանաչելու հետ կապված դիմումը կմուտքագրվի ՍԴ, օրերի խնդիր է այստեղ: Այս առումով ԼՀԿ-ն հետևյալ մոտեցումն ունի, գործընթացը մենք աներկբա պահպանելու ենք միայն իրավական տիրույթում և որևէ ձևով հնարավորություն չենք տալու, որ հակամարտ կողմերից որևէ մեկը ի շահ իրեն ծառայեցնի այս գործընթացը»,- նշեց նա:

Մարուքյանը նշեց, որ իրենք ինստիտուցիոնալ և սկզբունքային պաշտպանության դերից են հանդես գալիս, որովհետև մասնագիտական մեծ համայնք կա, ասում է՝ Սահմանդրութունը ոտնահարվել է և ԱԺ փոքրամասնությունը միանշանակ և աներկբա պետք է գործողություններ ձեռնարկի, այս առումով որևէ այլ ընտրություն չկա և այդ գործողությունները պետք է ձեռնարկվեն: «Սահմանադրության և ընթացող պրոցեսների ընթացքում ոչ մի տարբերություն չկա, թե այն երբ է ձեռնարկվում, այսինքն այն վաղն է ձեռնարկվում, մյուս օրն է ձեռնարկվում, թե ամսի 7-ի քննվող գործից անմիջապես հետո է ձեռնարկվում»,- ասաց նա: