Մեքսիկայի հարավում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6-ի (լուսանկար)
Մեքսիկայում ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 6, տուժել՝ 30 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Օախակա նահանգի քաղաքացիական պաշտպանության վարչության հայտարարությանը։
«Նահանգի տարածքում հաստատվել է մահվան 6 դեպք, վիրավորվել է 4 մարդ։ Երեք դաշնային և հինգ տարածաշրջանային մայրուղիներում սողանքներ են եղել, տուժել է 500 կառույց, 15 բժշկական կենտրոն, ինչպես նաև 4 հնագիտական գոտի»,- ասվում է վարչության թվիթերյան միկրոբլոգում արված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Մեքսիկայի հարավում երեկ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել:
Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Օախակա նահանգի Կրուսեսիտա քաղաքից 23 կմ հարավ-արևելք: Սկզբում հայտնի էր դարձել 1 մարդու մահվան մասին։
Տարբեր տվյալների համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,1-7,5 մագնիտուդ:











