Թրամփի որդին կոչ է արել վերջին շրջանում բողոքի ցույցերի շրջանակում տեղահան արված բոլոր հուշարձանների փոխարեն իր հոր արձանը կանգնեցնել

13:49 • 24.06.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, թվիթերյան իր օգտահաշվում կոչ է արել վերջին շրջանում երկրում տեղահան արված բոլոր հուշարձանների փոխարեն իր հոր արձանը կանգնեցնել։

Նախագահի որդին անդրադարձել է ռասայական խտրականության դեմ անցկացվող բողոքի ցույցերի ընթացքում հանրային վայրերում հուշարձանների ավերման և դրանց տեղահանման խնդրին և հուշարձանների պահպանման իր տարբերակն առաջարկել։

«Ցանկանո՞ւմ եք պահպանել մեր հուշարձանները։ Եկեք շարժում սկսենք, ըստ որի՝ տեղահան արված յուրաքանչյուր հուշարձանի տեղում Դոնալդ Թրամփի (@realDonaldTrump) նոր ու ավելի ամուր արձանը պետք է կանգնեցվի»,- նշել է նա երեքշաբթի և հավելել, որ «այս կերպ այդ անհեթեթության վերջը կտրվի»։

Թվիթերյան այս գրառմանն օգտատերերը հեգնանքով են վերաբերել՝ նշելով, որ ռասիզմի հետ կապ ունեցող մարդկանց արձաններն են հիմնականում ավերվում, իսկ մի ռասիստի արձանը մեկ ուրիշով փոխարինելը ոչինչ չի փոխի։

«Հորս մշտական արձանը կանգնեցնելն այնքան սարսափելի բան է մարդկանց համար, որ սա կվախեցնի նրանց և կստիպի հրաժարվել արձաններ ոչնչացնելու մտքից»,- հավելել է նա։

Նշենք, որ ռասայական խտրականության և ոստիկանական կամայականության դեմ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ աշխարհի տարբեր երկրներում ցուցարարները մի շարք հուշարձաններ են վնասել և ապամոնտաժել։

Հունիսի 7-ին Մեծ Բրիտանիայում ռասայական խտրականության և ոստիկանական կամայականության դեմ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարներն ապամոնտաժել էին 17-րդ դարի ստրկավաճառ Էդվարդ Քոլսթոնի հուշարձանը և այն նետել ծովախորշը։ 

Լոնդոնում ցույցի մասնակիցները պղծել էին նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի հուշարձանը: Ցուցարարները ներկի օգնությամբ ջնջել են Չերչիլի ազգանունը՝ այն փոխարինելով «ռասիստ էր» գրությամբ։