Հնդկաստանում հիվանդը մահացել է, երբ այցի գնացած բարեկամները թոքերի օդափոխման սարքն անջատել են սենյակում հովացուցիչ միացնելու համար
Հնդկաստանի 40-ամյա բնակիչը մահացել է, երբ հիվանդանոցում նրան այցի եկած ընտանիքի անդամներն անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքն ու փոխարենը սենյակում հովացուցիչ միացրել:
Ինչպես նշում է Oddity Central-ը, թոքերի արհեստական օդափոխման սարքը կենսական նշանակություն է ունեցել տղամարդու համար, մինչդեռ սենյակի օդորակիչը բուժանձնակազմի կողմից միտումնավոր է անջատված եղել հիվանդանոցում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար:
Երբ հիվանդի հարազատները մտել են հիվանդասենյակ, զգացել են, որ ներսում չափազանց շոգ է և, տեսնելով, որ օդորակիչն անջատված է, ցանկացել են միացնել հովացուցիչ սարք: Հիվանդասենյակում որևէ ազատ վարդակ չգտնելով՝ նրանք անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքը, ու հովացուցիչը միացրել: Միևնույն ժամանակ նրանք այդ մասին տեղյակ չեն պահել բուժքույերին:
Որոշ ժամանակ անց սարքի մարտկոցը նստել է՝ հիվանդին զրկելով շնչելու հնարավորությունից:
Բուժանձնակազմը կատարվածի համար մեղադրել է հանգուցյալի բարեկամներին:










