Հոնկոնգում առևտրի կենտրոնները 1 մլն դոլարի վաուչերներ կնվիրեն համավարակի ֆոնին հետ վարժված գնորդներին վերադարձնելու նպատակով
Հոնկոնգում գտնվող մի շարք առևտրի կենտրոններ կորոնավիրուսային համավարակի ֆոնին վախեցած և հետ վարժված գնորդներին հետ բերելու նպատակով մտադիր են մոտ մեկ մլն դոլարի վաուչերներ նվիրել՝ այդպիսով փորձելով աշխուժացնել առևտուրը:
Ինչպես նշում է South China Morning Post-ը, համավարակի հետևանքով առևտրի ոլորտը շատ է տուժել, Հոնկոնգում այժմ զբոսաշրջիկներ չկան, իսկ տեղի բնակիչներն էլ նախընտրում են միայն խիստ անհրաժեշտ գնումներ կատարել:
Sun Hung Kai ընկերությունը, որում ներառված են մի շարք առևտրի կենտրոններ և մոլեր, պատրաստվում է հուլիս ամսվա համար իր այցելուներին 903 208 դոլարի վաուչերներ նվիրել:
Բացի այդ, այն գնորդները, որոնք ընկերությանը պատկանող քսանչորս առևտրի կենտրոններից որևէ մեկում խոշոր գնումներ կանեն, որպես պարգև կանխիկ գումար կստանան: Խոսքը հազար դոլարից ավելի գումարի մասին է:
Աղբյուրը մանրամասնում է, որ մայիս-հունիս ամիսներին ընկերությունը նվերների վիճակահանություն էր կազմակերպել, ինչի շնորհիվ գրավել էր հավելյալ 200 000 գնորդի:










