Բենզինի և գազի լցակայաններում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնաբերել է խախտումներ, իսկ շինանյութի առևտրի կետերում խախտումներ գրեթե չեն արձանագրվել

18:30 • 25.06.20

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Այսօր հունիսի 25-ին տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Շինանյութի առևտրի կետերում խախտումներ գրեթե չեն արձանագրվել:

Դիտարկումների ընթացքում պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի մի շարք խախտումներ են գրանցվել բենզինի և գազի լցակայաններում: Մասնավորապես բացակայել են դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թեթիկները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Խախտումների մի մասը տեղում շտկվել են:

Դիտարկված խախտումների վերաբերյալ կազվում են  արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն:

ՇՎՏՄԻ-կողմից  մշտադիտարկումները  Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են: