Այդ երբվանի՞ց արդարադատության նախարարի կողմից Սահմանադրության բանավոր մեկնաբանումը բավարար է դատավորի լիազորությունը դադարեցնելու համար․ Ամրամ Մակինյան

22:32 • 25.06.20

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել անդրադառնալով ԱԺ կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու, որի վերաբերյալ ավելի վաղ տեսակետ էր հայտնել ՀՀ արդարադատության նախարար Ռուստմա Բադասյանը։ Ամրամ Մակինյանը, մասնավորապես, գրել է․

«Դիցուք, «սահմանադրական փոփոխությունները» վավեր են և վաղը մտնում են ուժի մեջ։

Նույնիսկ այդ դեպքում դրանց կիրառման հետևանքով առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնք ենթակա են լուծման։

Բերեմ դրանցից միայն մեկ օրինակ։

Ո՞վ է որոշել, որ նշված փոփոխությունը կիրառվում է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի վրա։

Արդարադատության նախարարն ասում է, որ սահմանադրական փոփոխությունները կիրառվում են Ալվինա Գյուլումյանի նկատմամբ, իսկ բազմաթիվ իրավաբաններ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պնդում են, որ ոչ։

Ինձ մոտ հարց է առաջանում՝ այդ երբվանի՞ց արդարադատության նախարարի կողմից Սահմանադրության բանավոր մեկնաբանումը բավարար է դատավորի լիազորությունը դադարեցնելու համար։

Հայաստանի Հանրապետությունում կա միայն մի պետական մարմին, ով օժտված է Սահմանադրությանը պարտադիր ուժ ունեցող մեկնաբանություններ տալու իրավունքով, և դա Սահմանադրական դատարանն է»։