Պետական ենթակայության տակ եղած սարքավորումներով միայն հնարավոր չէ այնքան թեստ անել, որքան ցանկալի է. Նարեկ Զեյնալյան
Այսօրվա օրենքների շրջանակներում լիարժեք հնարավոր է իրականացնել առողջապահական համակարգի ամբողջական կառավարում. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով Առողջապահության նախարարության հայտարարությանը, որ օրենսդրական փաթեթ է մշակվում, որպեսզի արտակարգ դրության պայմաններում լիցենզավորված մասնավոր բուժհաստատությունների կառավարումն անցնի Առողջապահության նախարարությանը:
«Նախագիծը կգա ԱԺ, կհասկանանք ինչ մեխանիզմներ են դրված և կորոշենք մասնավորների հետ քննարկման ֆորմատը և դիրքորոշում կցուցաբերենք: Նախագիծը միտված է իրավիճակը կառավարելի դարձնելուն: Հիմնավորումներին դեռ ծանոթ չեմ, թե տակը ինչ է դրված: Նպատակը պարզ է՝ կորոնավիրուսի դեմ պայքարի իրավիճակում առավել կառավարելի դարձնել առողջապահական համակարգը և մեկ կենտրոնից կառավարվի: Բայց, թե ի՞նչ մեխանիզմներ են, ի՞նչ ժամկետներ են անհրաժեշտ, ամեն ինչը պետք է հասկանալ»,- ասաց նա:
Հարցին, թե ԲՀԿ-ն կորոնավիրուսի տարածման հանգամանքները պարզելու համար քննիչ հանձնաժողով է ստեղծելու, արդյոք կողմ կլինեք այդ հանձնաժողովի ստեղծմանը, Նարեկ Զեյնալյանը պատասխանեց. «Այս պահին ժամանակը չէ քննիչ հանձնաժողով ստեղծելու, այս պահին գործելու ժամանակն է, երբ ամեն ինչը ավարտվի, և եթե նպատակահարմար գտնենք, «Իմ քայլը»-ն էլ կարող է նման առաջարկությամբ հանդես գալ»:
Նարեկ Զեյնալյանը նշեց, որ վարակվածների թվերի վերլուծությունը ցույց է տալիս, որ թվերն աճում են, սակայն այս պահին վաղ է խոսել այն մասին, թե հասել ենք առավելագույն ցուցանիշին: Նրա կարծիքով՝ այս պայքարում շատ կարևոր է, որ արդյունավետ իրականացվի կոնտակտավորների հայտնաբերումը, մեկուսացումը և պատշաճ բուժօգնությունը:
«Քանի դեռ թեստավորումներն ավելացվում, են և դրական դեպքերի թիվն աճում է, նշանակում է, որ թեստերի թիվն ավելացել է: Ավել թեստերի արդյունքում են թվերը շատ: Եթե արվի, ենթադրենք, 3000 թեստ, կարող է լինի 1000 դրական արդյունք: Դրանից պետք չէ վախենալ, սա նշանակում է, որ հայտնաբերում ենք վարակակիրներին և նրանց նկատմամբ և´ պատշաճ վերահսկողություն, և´ պատշաճ բուժօգնություն է հնարավոր իրականացնել: Իսկ նախկին ցածր թվերը դրականի մասին չեն խոսում, դա նշանակում է, որ ունենք վարակակիրներ, որ չենք հայտնաբերվել: Կարևոր է, որ առողջապահական համակարգը կարողանա վերակազմակերպվի, որ բոլոր բուժօգնության կարիքավորներին բուժօգնություն ցուցաբերվի»,- ասաց նա:
Նարեկ Զեյնալյանն ընդգծեց, որ արդեն հայկական արտադրության թեստեր են արտադրվում, սակայն կարևոր է նաև թեստավորման հնարավորությունները, պետք է մասնավոր լաբորատորիաներ ներգրավվեն, մասնագիտական կադրերի և սարքավորումների համալրում լինի, որովհետև պետական ենթակայության տակ եղած սարքավորումներով միայն հնարավոր չէ այնքան թեստ անել, որքան ցանկալի է:
«Պետք է լինի համակարգված մոտեցում և ոչ թե յուրաքանչյուր բուժհիմնարկ որոշի՝ ինչ սխեմայով բուժի, մահճակալների ինչ քանակ և բուժաշխատողների ինչ ռեսուրս տրամադրել: Կարծում եմ՝ նման մոտեցում այսօրվա կարգավորումներով հնարավոր է ցուցաբերել»,- ասաց նա:










