Պակիստանում «սև շուկայում» կորոնավիրուսից ապաքինված հիվանդների արյունը վաճառվում է մինչև 4300 դոլարով․ The Guardian

12:25 • 25.06.20

Պակիստանում նոր տեսակի կորոնավիրուսից ապաքինված հիվանդների արյունը «սև շուկայում» վաճառվում է 1179-ից 4345 դոլար։ Կորոնավիրուսով վարակվածների ընտանիքները պատրաստ են վճարել այդ գումարն այն հույսով, որ «հրաշագործ միջոցը» կարող է փրկել իրենց հարազատների կյանքը: Այս մասին գրում է բրիտանական The Guardian թերթը։

Պարբերականին տված հարցազրույցում բժիշկները պատմել են կորոնավիրուսով վարակվածների հարազատների և այդ հիվանդությունը հաղթահարած հիվանդների «գործարքների» մասին։

«Հիվանդանոցները դրան չեն մասնակցում, բայց այդ գործարքներն իմ աչքի առաջ են կնքվել։ Հարազատները կամ մտերիմները գալիս են այն մարդկանց մոտ, որոնք արդեն ապաքինվել են կորոնավիրուսից, և խնդրում են արյան դոնոր դառնալ։ Այնուհետև նրանք գնում են մասնավոր լաբորատորիա և «դոնորական» արյունից պլազմա ստանում», - լրագրողներին հայտնել է Իսլամաբադի պետական հիվանդանոցի բժիշկը։

Միևնույն ժամանակ, Պակիստանի բժիշկները խոստովանել են, որ հիվանդանոցներում ավարտվում են դեղերը, իսկ առանց հիվանդների համար կենսական նշանակություն ունեցող դեղերի՝ արյան պլազման, իրոք, «հրաշք դեղամիջոց» կարող է լինել։

Պակիստանի իշխանությունների տվյալներով՝ հունիսի 25-ի դրությամբ կորոնավիրուս է հաստատվել 193 հազար բնակչի մոտ, առողջացել է ավելի քան 81 հազար մարդ, մահացել է 3903-ը: