«Այս ցավալի պահին ես Ձեր կողքին եմ»․ Հռոմի պապը հուզիչ նամակ է գրել կոմայի մեջ գտնվող իտալացի մարզիկ Ալեքս Զանարդիին (լուսանկարներ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հուզիչ նամակ է գրել Ալեքս Զանարդիին՝ հարգանքի տուրք մատուցելով Ֆորմուլա-1-ի նախկին ավտոարշավորդին և պարալիմպիկ չեմպիոնին, որը կոմայի մեջ է գտնվում հեծանվային մրցարշավի ժամանակ ստացած գլխի ծանր վնասվածքից հետո, գրում է Daily Mail-ը։
La Gazzetta dello Sport-ը հրապարակել է Հռոմի պապի ձեռագիր նամակը, որում ասված է. «Ձեր պատմությունն օրինակ է, թե ինչպես պետք է սկսել ամենասկզբից։ Սպորտի միջոցով դուք ցույց տվեցիք, թե ինչպես ապրել գլխավոր հերոսների կյանքով՝ հաշմանդամությունը դարձնելով մարդկության դաս»։
«Շնորհակալ եմ, որ ուժ տվեցիք նրանց, ովքեր կորցրել էին այն: Այս ցավալի պահին ես Ձեր կողքին եմ, ես աղոթում եմ Ձեր և Ձեր ընտանիքի համար: Թող Աստված օրհնի Ձեզ և թող Աստվածամայրը պահապան լինի»,- ասված է Հռոմի պապի նամակում։
Ֆորմուլա-1-ի նախկին ավտոարշավորդը դժբախտ պատահարի հետևանքով գրեթե 20 տարի առաջ կորցրել է ոտքերը, սակայն չհուսահատվելով՝ իր մարզական կարիերան շարունակել է Պարալիմպիկ խաղերում՝ հաղթելով չորս ոսկե և երկու արծաթե մեդալ։
Անցած ուրբաթ Իտալիայի Պիենցա քաղաքում տեղի ունեցած Պարալիմպիկ մարզիկների համար ազգային մրցարշավի ժամանակ մարզիկը կորցրել է վերահսկողությունը․ նա դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բեռնատարին։ Բժիշկների խոսքով՝ նա դեմքի և գանգի վնասվածքներ ունի։ Սիենա քաղաքի հիվանդանոցներից մեկի վերջին հայտարարության համաձայն՝ մարզիկի վիճակը շարունակում է կայուն մնալ։













