Հարավաֆրիկյան Հանրապետությունում կորոնավիրուսից մահվան օրական ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել

11:24 • 25.06.20

Նախօրեին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կորոնավիրուսից մահվան ելքով 111 նոր դեպք է գրանցվել․ սա համավարակի սկզբից մինչ օրս գրանցված մահվան օրական ամենաբարձր ցուցանիշն է, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարար Զվելի Մհիզեի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսը երկրում արդեն 2102 մարդու կյանք է խլել։

Համավարակի սկզբից ի վեր վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 106 108-ի։ Մեկ օրում ցուցանիշն ավելացել է 4 518-ով։ Կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ է հանձնել 29 596 մարդ։

Այժմ Հարավաֆրիկյան Հանրապետությունում կարանտինային ռեժիմն անցկացնելու համար ավելի քան 400 կենտրոն է բացվել, որտեղ առնվազն 38 000 մարդ կարող է տեղավորվել։

Ավելի վաղ այս շաբաթ հայտնի էր դարձել, որ Աֆրիկայում կորոնավիրուսով ավելի քան 300 000 մարդ է վարակվել։ Վարակն արդեն տարածվել է 54 աֆրիկյան պետությունում։ Առավել բարդ իրավիճակ է Եգիպտոսում, Նիգերիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում։