Անգլիայում մարզադաշտում Բեն Լադենի լուսանկարն է հայտնվել

16:54 • 25.06.20

Անգլիական «Լիդս Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի անդամները որոշել են կորոնավիրուսային համավարակի ընթացքում ձևավորված նոր միտմանը հետևել և մարզադաշտում հանդիսատեսի տեղում իրենց երկրպագուների լուսանկարները փակցնել, սակայն սկանդալի կենտրոնում են հայտնվել, գրում է BBC-ն։

Աղբյուրը մանրամասնում է, որ «Էլանդ Ռոուդ» մարզադաշտի տրիբունաներում «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության՝ 2011 թվականին սպանված պարագլուխ Ուսամա բեն Լադենի լուսանկարն է հայտնվել։

Հիշեցնենք, որ համարվում է, որ Բեն Լադենն է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Վաշինգտոնի և Նյու Յորքի վրա կատարված հարձակման հրամանը տվել։

Ավելի ուշ ակումբը հեռացրել է Բեն Լադենի լուսանկարը և հավաստիացրել, որ այլևս չի թողնի, որ վիրավորական որևէ նման լուսանկար այդտեղ հայտնվի։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Բեն Լադենի մայրը՝ Ալիա Գանեմն առաջին անգամ հարցազրույց է տվել բրիտանական The Guardian պարբերականին և նշել է, որ մինչև այժմ չի հավատում, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևում իր որդին է կանգնած։