Հնդկաստանը Չինաստանի հետ սահմանային լարվածության ֆոնին ուժեղացնում է օդային պաշտպանությունը. սահմանին շարունակվում է զորքերի կուտակումը

12:30 • 25.06.20

Չինաստանն ու Հնդկաստանը Հիմալայներով անցնող վիճահարույց սահմանին լարվածության աճի ֆոնին շարունակում են զորք կուտակել, գրում է South China Morning Post-ը՝ հիշեցնելով, որ նախորդ շաբաթ սահմանին տեղի է ունեցել երկու երկրների զինված ուժերի բախման խոշորագույն դեպքը:

Լարվածության սրմանը զուգընթաց Հնդկաստանի պաշտպանության նախարարը երկրի զենքի գլխավոր մատակարարին՝ Ռուսաստանին, կոչ է արել արագացնել  С-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության համակարգի մատակարարումը:

Նշվում է, որ Հնդկաստանն այս համակարգը պետք է 5,2 մլրդ դոլարի դիմաց ստանար 2021թ. դեկտեմբերին, սակայն կորոնավիրուսային համավարակի հետևանքով ամսաթիվը հետ է ընկել:
Ոլորտի փորձագետները նկատում են, որ Չինաստանը դեռևս երկու տարի առաջ է իր զինանոցը համալրել С-400-ով և եթե Հնդկաստանը ևս ունենա այս համակարգից, ապա երկու կողմերի՝ միմյանց նկատմամբ ներկայացրած սպառնալիքի աստիճանը կհավասարվի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Չինաստանի և Հնդկաստանի՝ Հիմալայներով անցնող վիճելի սահմանին երկու երկրների միջև լարվածության ֆոնին չինական կողմի հետ բախման հետևանքով հնդկական զինված ուժերի 20 անդամ է զոհվել։ Այս մահերը 1975 թվականից ի վեր այս սահմանին գրանցված առաջին մարդկային կորուստներն են, որոնք հաջորդել են երկու երկրների միջև վերջին շաբաթների ընթացքում լարված հարաբերություններին։ Չինական զորքերը տեղակայվել են Հնդկաստանի հետ սահմանի «զգայուն» հատվածներում՝ խփելով վրաններ, տեղակայելով փոխադրամիջոցներ և ծանր տեխնիկա։ 

Չինացի և հնդիկ զինվորները, որոնք սովորաբար սահմանային հատվածներում կոնֆլիկտից խուսափելու նպատակով զենք չեն կրում, կռվի մեջ են մտել երկուշաբթի մայրամուտին՝ չինացիների՝ մի հնդիկ հրամանատարի գետի կիրճը հրել-գցելուց հետո։ Այս պատահարից հետո երկու կողմերից մոտ 600-հոգանոց զորք է հավաքվել և սկսել միմյանց հետ բռունցքներով, քարերով, երկաթյա ձողերով կռվի մեջ մտնել։ Նշվում է, որ մարտը շարունակվել է մինչև ուշ գիշեր, երկու կողմերից էլ զոհեր եղել են, սակայն զենքից կրակոց չի արձակվել։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է և ցանկանում է միջնորդ դառնալ սահմանային լարվածությունը մեղմելու հարցում:

Հայտնի է, որ Չինաստանի և Հնդկաստանի սահմանի այս հատվածը ռազմականացվել է 1962թ., երբ Չինաստանը ներխուժել է Հնդկաստանի տարածք՝ սկսելով կարճ, բայց արյունալի պատերազմ: