Մեքսիկայում կորոնավիրուսային վարակով ծնված եռյակի ծնողների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

17:37 • 25.06.20

Մեքսիկայում կորոնավիրուսային վարակով ծնված եռյակի ծնողների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, նրանց թեստի պատասխանները բացասական է եղել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով մեքսիկական Sol de San Luis պարբերականին:

«Սա այս դեպքը դարձնում է է՛լ ավելի նշանակալի ոչ միայն մեր երկրի, այլ նաև ամբողջ աշխարհի բժշկական ուսումնասիրությունների համար»,-հայտարարել է Սան Լուիս Պոտոսի քաղաքի բժշկական ծառայության ղեկավար Մոնիկա Ռանխելը:

Ներկայում երեխաների վիճակը գնահատվում է կայուն: Տեղի բժշկական ղեկավարությունը հայտարարել է, որ իրենք ուսումնասիրություն կկատարեն` պարզելու արդյոք կորոնավիրուսը տարածվում է ընկերքի միջոցով, թե ոչ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Մեքսիկայում հունիսի 17-ին ծնված եռյակի՝ երկու տղայի և մեկ աղջկա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. սա երկրում նախադեպը չունեցող դեպք է, որն այժմ հետազոտության փուլում է գտնվում։