100 հազարից քիչ վարակակիր կա ՀՀ-ում, բայց դեպքերն աճում են տարիքային բարձր խմբում

11:05 • 25.06.20

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կորոնավիրուսի աճի տեմպերին, ասաց, որ իրենք նախկինում գիտեին, որ վարակակիրների թիվը հնարավոր է, 60-100 հազար լինի, և նա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե նոր ախտորոշումները որքան են իր իմացած թվի շրջանակում, և որքան է աճում այդ թիվը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ հարյուր հազարից ավելի քիչ վարակակիր կա ՀՀ-ում, իսկ ակտիվ վարակակիրների թիվը դժվար է հաշվել:

«Երիտասարդների մոտ դեպքերի տարածվածությունը շատ չի աճում, իսկ որքան տարիքը բարձրանում է, այնքան տարածման տեմպն աճում է»,-ասաց նա և տեղեկացրեց, որ Վանաձորում երկու շաբաթվա ընթացքում աճել էր տեմպը, իսկ Երևանը կարծես դարձել է մեծ օջախ, թեև մեծ բռնկումներ վերջին շրջանում չկան: «Կարելի է ասել` վարակն ամենուր է, և կանոնները պահելով` պետք է պաշտպանվենք դրանից»,-ասաց նա:

Վարչապետը հայտնեց, որ երեկ հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ և արձանագրել են, որ երեք կանոնների պահպանումը՝ դիմակ դնելը, ախտահանելը և սոցիալական հեռավորություն պահելը, աշխարհում ցույց է տվել իր արդյունավետությունը, և այստեղ խնդիրը կարգապահության, կանոնները պահելու մեջ է: