ԲԴԽ-ն շարունակում էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը (տեսանյութ)

14:03 • 25.06.20

Բարձրագույն դատական խորհրդում նիստին հաջակցություն Ազարյանի ներկա են տարբեր ատյանների դատավորներ. Արշակ Վարդանյանը, Արման Հովհաննիսյանը, Մխիթար Պապոյանը, Դավիթ Բալայանը, Դավիթ Հարությունյանը։ Նիստերի դահլիճում է գտնվում նաև Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին։

Այս պահին ելույթով հանդես է գալիս Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը, ում խոսքով՝ այս վարույթը հարուցվել է այն պատճառով, որ դատավոր Ազարյանն անձեռնմխելիության հիմքով կալանքից ազատ է արձակել ՀՀ 2-րդ նախագահ, «Մարտի 1»֊ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին, ինչը դուր չի եկել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։

Հիշեցնենք, որ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում շարունակվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը։

Հիշեցնենք նաև, որ կարգապահական վարույթը հարուցել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Նիստի ընթացքում Ազարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը կմիջնորդի ԲԴԽ-ին` որպես վկա հրավիրել Սասուն Խաչատրյանին՝ մի շարք էական հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումն Արդարադատության նախարարություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանն, ում վարույթում քննվել է «5-րդ Ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի վերաբերյալ քրեական գործը։