ՀՀ-ում չկան սոցիալական, տնտեսական, քաղաքական ճգնաժամեր. քաղաքական խառնարանում առհավետ կորչելու են բոլոր պսևդոքաղաքական ուժերը, որոնց մոտիվացիան փողը, կոռուպցիան, կաշառակերությունն էին. Արարատ Միրզոյան

13:23 • 25.06.20

ՀՀ-ում չկան սոցիալական, տնտեսական, քաղաքական ճգնաժամեր: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա նշեց, թե 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները ԱԺ-ում ընթացել հավուր պատշաճի, տեղի են ունեցել բազմաթիվ բովանդակային լուրջ քննարկումներ, և թերևս ձեռնպահ կմնար այդ հարցի շուրջ իր մտքերն արտահայտելուց, եթե չլինեին հնչած մի քանի մտքեր:

Նա հայտարարեց՝ ՀՀ-ում սոցիալական ճգնաժամ չկա, և, առավել ևս, չի եղել 2019-ի ընթացքում: «Ավելին՝ եղել են էական ձեռքբերումներ, որոնց պտուղները վայելում է ՀՀ քաղաքացին: Այս տարվա ընթացքում, իհարկե, համավարակի պայմաններում առաջացել են չնախատեսված դժվարություններ, և դրանք առ այսօր փայլուն կերպով հաղթահարվել են՝ Կառավորության մշակած թիրախային ծրագրերի ճանապարհով»,-ասաց Միրզոյանը՝ հավելելով, թե գործընկերներին կարևող է մի տեխնիկական խորհուրդ տալ.

«Եթե որևէ մեկը որևէ երկրում, բայց առավելապես ՀՀ-ում ուզում է սոցիալական ճգնաժամի շուրջ հասկանալ իրավիճակը, թող նայի կոմունալ վճարումների վիճակագրությունը, հատկապես՝ էլեկտրաէներգիայի: Չկա ՀՀ-ում սոցիալական ճգնաժամ: Ընթացքում էլի կլինեն դժվարություններ, Կառավարության կողմից կլինի ադեկվատ ռեակցիա, քայլեր»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տնտեսական ճգնաժամին, Միրզոյանը հայտարարեց, թե այդպիսի ճգնաժամ ևս ՀՀ-ում չկա. «Ճիշտ հակառակը՝ հատկապես 2019-ին ՀՀ-ն Կառավարության, խորհրդարանի ջանքերով աննախադեպ զարգացման ճանապարհ է բռնել, որի պտուղները մենք պիտի արդեն քաղեինք, եթե չլիներ որևէ մեկի կողմից չնախատեսված կորոնավիրուսային այս ճգնաժամը: Եվ նույնիսկ կորոնավիրուսի այս ճգնաժամի պայմաններում, խոստովանեք՝ Կառավորությանը հաջողվում է տնտեսական իրավիճակը պահել կայուն և պատշաճ մակարդակի վրա»,-ասաց նա:

Արարատ Միրզոյանը ընդգծեց, թե ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ ևս չկա: «Որքան էլ փորձեն դրա իմիտացիան անել նախկինում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձինք, նրանց հետ փոխկապակցված կամ ընտանիքի անդամները, մեր Կառավարության օրոք շանս ստացած արկածախնդիրները և նրանց կողքին հավաքված մանր-մունր այլ մարդիկ ու կասկածելի շարժառիթներ ունեցող այլ ուժեր»,-ասաց նա:

Միրզոյանը նշեց, թե ՀՀ քաղաքական դաշտն իրեն հիշեցնում է մի մեծ շինհրապարակ, խառնարան, որտեղ պիտի ձևավորվեն քաղաքական մտքի կրող նոր քաղաքական ուժեր, որոնք պետք է ՀՀ քաղաքական ապագայի վերաբերյալ իրենց տեսլականը ներկայացնեն ՀՀ քաղաքացուն. «Եվ այս խառնարանում առհավետ կորչելու են բոլոր այն ուժերը, որոնք պսևդոքաղաքական էին, որոնց մոտիվացիան փողն էր, կոռուպցիան էր, կաշառակերությունն էր, ֆեոդալական լծակներ պահելն էր: Եվ շատ մոտ ապագայում մենք տեսնելու ենք, թե ինչ ուժեր կծնվեն կամ ինչ ուժեր կանցնեն այդ ճանապարհով և կմնան որպես քաղաքական ուժեր: Այդտեղ լինելու են ազնիվ, ՀՀ ինքնիշխանության, ժողովրդի բարեկեցության, և ՀՀ արժանապատիվ քաղաքացու, մարդու իրավունքների, ժողովրդավարության, ազատության, բարձր արժեքներ իրենց մեջ կրող քաղաքական ուժերը: Կհանդիպենք այդ ճանապարհի վերջում, եթե գաք»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը: