Պակիստանում կործանված ինքնաթիռի օդաչուները վայրէջքի վրա կենտրոնանալու փոխարեն տարված են եղել կորոնավիրուսի մասին զրույցով. զեկույց
Նախորդ ամիս Պակիստանում կործանված Airbus A320 ինքնաթիռի օդաչուները բարդ վայրէջքի ժամանակ տարված են եղել կորոնավիրուսային թեմայի քննարկմամբ ու փորձել են վայրէջք կատարել օդանավի՝ դեռևս ծալված անիվներով:
Ինչպես նշում է The Guardian-ը, այս են վկայում հետաքննության նախնական զեկույցի արդյունքները:
Պակիստանի միջազգային ավիաուղներին պատկանող օդանավը կործանվել էր մայիսի 22-ին՝ դառնալով 98 մարդու մահվան պատճառ: Օդանավը Կարաչիի օդանավակայանում վայրէջք կատարելու երկու անհաջող փորձ էր արել:
Պակիստանի ավիացիայի նախարարը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ օդաչուները վայրէջքի ժամանակ քննարկելիս են եղել կորոնավիրուսի թեման և անջատել էին ինքնակառավարման համակարգը:
«Երկու օդաչուները կենտրոնացած չէին և ամբողջ ընթացքում խոսում էին կորոնայի մասին: Նրանց մտքում միայն վիրուսն էր: Նրանց ընտանիքները վարակված էին, և նրանք քննարկում էին այդ հարցը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ օդաչուները չափից ավելի ինքնավստահ էին:
Կատարվածի վերաբերյալ նախնական զեկույցում ներկայացված են չվերթի վերջին քաոսային րոպեներն ու անձնակազմի թույլ տված տարօրինակ սխալները:
Քննիչները պարզել են, որ երբ օդաչուները փորձել են առաջին անգամ վայրէջք կատարել, դիսպետչերները նրանց խորհուրդ են տվել շտկել բարձրությունն ու ևս մի պտույտ կատարել ավելի աստիճանական վայրէջքի համար: Սակայն օդաչուները պտույտ անելու փոխարեն փորձել են ամեն գնով վայրէջք կատարել՝ չնայած, որ շասսին բարձրացված է եղել: Դիսպետչերը տեսել է՝ ինչպես են Airbus A320-ի շարժիչները դիպչում թռիչքուղուն, սակայն այդ մասին չի ասել օդաչուներին: Արդյունքում խիստ վնասված շարժիչներն արդեն շարքից դուրս եկած են եղել, երբ ինքնաթիռը երկրորդ վայրէջքի փորձ է արել:










