ԱՄՆ-ում լողի մարզիչն 8 ամսական երեխային նետել է լողավազանը՝ սպասելով, որ նա ինքնուրույն ջրի երես դուրս գա, և հայտնվել քննադատությունների թիրախում (տեսանյութ)

13:45 • 25.06.20

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ութ ամսական երեխային նետում են լողավազանը՝ սպասելով, որ նա ինքնուրույն կարողանա ջրի երես դուրս գալ ու լողալ, գրում է Daily Mail պարբերականը։

Տեսանյութի հեղինակն ԱՄՆ Կոլորադո նահանգից Քրիսթա Մեյեր անունով 27-ամյա մի կին է, որն իր երեխային լողի մարզումների է տարել։ Մինչ մարզիչն «աշխատելիս» է եղել երեխայի հետ, նա, իր հերթին, հասցրել է տեսանկարել ամենը և հրապարակել կադրերը TikTok և Twitter սոցկայքերում։

Կիրակի հրապարակված տեսանյութն արդեն հասցրել է ավելի քան 75 միլիոն դիտում ունենալ, սակայն նաև բուռն քննադատությունների արժանանալ․ համացանցի օգտատերերը հիմնականում մեղադրել են մարզչին և կնոջը երեխայի նկատմամբ նման վերաբերմունքի համար։

Տեսանյութից դատելով՝ կարելի է ասել, որ երեխան ջուրը նետվելուց հետո կարողանում է հաջողությամբ դուրս գալ ջրի երես և լողալ։

Նշվում է, որ այս մեթոդով երեխաների մոտ զարգանում են «գոյատևման բնազդները», և նրանք առանց ծնողների ներկայության ջուրն ընկնելու դեպքում սովորում են լողալ ու խուճապի չմատնվել։