«Եթե Թուրքիան դիպչի «Ջուֆրա» ավիաբազային, մենք զորքերը կմտցնենք Լիբիա». եգիպտոսցի գեներալ
Կահիրեի Նասերի անվան ռազմական ակադեմիայի ազգային անվտանգության հարցերով պրոֆեսոր, Եգիպտոսի զինված ուժերի գեներալ-մայոր Մոհամեդ Քաշքուշը կարծում է, որ Թուրքիան նպատակ ունի Լիբիայի բոլոր հիմնական ռազմաբազաների նկատմամբ հսկողություն սահմանել, և հայտարարել է, որ եթե Անկարան դիպչի «Ջուֆրա» ավիաբազային, Եգիպտոսն իր զորքերը կմտցնի Լիբիա: Այս մասին գրում է eadaily.com կայքը:
Անկարան արդեն իր փաստացի վերահսկողության տակ է վերցրել «Միտիգա» և «Ալ-Վաթիյա» ավիաբազաները, ինչպես նաև ծովափնյա Միսրաթա քաղաքի ռազմական օբյեկտները, որոնք դարձել են Թուրքիայի հիմնական տարանցման կետերը` սիրիացի զինյալներին և իր հարվածային համակարգերը Լիբիա տեղափոխելու համար: Այժմ, ըստ եգիպտոսցի գեներալի, Թուրքիան, որը թաքնվում է Լիբիայի` միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարության աջակցության ներքո, թիրախավորել է արաբական հանրապետության կենտրոնական մասում գտնվող «Ջուֆրա» ավիաբազան:
«Եթե դա հաջողվի (Թուրքիայի կողմից «Ջուֆրա» ավիաբազայի գրավումը), դա կխախտի Եգիպտոսի պաշտպանական բուֆերը (երկրի արևմտյան սահմաններին) և կօրինականացնի Եգիպտոսի ռազմական գործողությունները՝ ինքնապաշտպանության իրավունքի իրացման մակարդակով», - ասել է Քաշքուշը:
2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադդաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկա պահին երկրում երկիշխանություն է: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Խալիֆա Հաֆթարի բանակի հետ:










