Մշտական հիվանդություն և ջերմություն ունեցող դիմորդները քննության օրը պետք է ցույց տան հիվանդության մասին ամբուլատոր քարտի քաղվածք․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Արտակարգ դրության պայմանները հաշվի առնելով՝ այս տարի մեկ քննություն է անցկացվելու: Քննության օրերը արդեն նշանակված են ՝ հուլիսի 2-ին մեկնարկում ենք քննությունները, անցկացվելու են 4 օր՝ շաբաթվա առաջին տասնօրյակի զույգ օրերին. այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում նշեց ԿԳՄՍ նախարարԱրայիկ Հարությունյանը: Նա ընդգծեց,որ հաշվի են առնվելու նաև օլիմպիադաների մասնակցությունը, միջին գնահատական, մասնագիտական առարկաների գնահատականները և այլն:
Նրա փոխանցմամբ՝ դիմորդները էլեկտրոնային փոստի միջոցով կստանան տեղեկատվություն, թե որ քննական կենտրոններում են հանձնելու քննությունները: Այս տարի խիստ միջոցներ ենք ձեռնարկելու, որպեսզի պահպանվի անվտանգության բոլոր կանոնները:
«Մենք հանձնառություն առանք համաճարակի պայմաններում կազմակերպել գործընթաց: Այս հարցում դերակատարում ունեք դուք՝ ծնողներ, դուք՝ աշակերտներ և դուք՝ կազմակերպիչներ: Այս գործում մենք ներգրավվել ենք Ոստիկանությանը, տարածքային կառավարման մարմիններին: Ես այսօր խոսել եմ բոլոր մարզպետների հետ, խոսելու եմ նաև ոստիկանապետի հետ: Բայց կարևոր է, որ մենք թույլ չտանք քննական տարածքում կուտակումներ: Մենք այս տարի պետք է հրաժարվենք ընտանիքներով, հարևաններով քննական կենտրոն գնալուց: Ոստիկանությունը և տեղական կառավարման մարմինները խիստ միջոցներ են ձեռնարկվելու կուտակումներ թույլ չտալու համար»:
Նախարարը հորդորեց, որ դիմորդն ունենա առավելագույնը մեկ ուղեկցորդ, կամ գնա միայնակ: Ծնողը դիմորդին քննական տարածք բերելուց հետո տարածքը պետք է լքի՝ կուտակումներից խուսափելու համար: Ըստ նրա՝ նախատեսված է լինելու երկու- երեք հոգուց բաղկացած փոքր խմբեր, որպեսզի ծնողները կարողանան հեռուստացույցով հետևել քննության ընթացքին:
«Դիմորդները քննական կենտրոններ պետք է գնան դիմակով, այնտեղ ջերմաչափում կիրականացվի, ձեռքերը կախտահանվեն և կգնան քննական կենտրոն: Մշտական հիվանդություն և ջերմություն ունեցող դիմորդները քննության օրը պետք է ցույց տան հիվանդության մասին ամբուլատոր քարտի քաղվածք: Բարձր ջերմության դեպքում չեն կարող մասնակցել քննության, այս առումով շատ խիստ է լինելու»:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ, քննական կետրոնների թիվն, այս տարի մեծացել է: Այս տարի դիմորդների առավելագույն թիվը չի գերազանցելու 140, 150-ը, պահպանվելու է նաև նստարանների միջև 1 ու կես մետր հեռավորությունը: Իսկ գրիչները նախապես ախտահանված են լինելու, որից հետո տեղադրվելու են տարանների մեջ ախտահանման համար:










