ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների փաստացի թիվը 10 անգամ ավելի է, քան պաշտոնական վիճակագրությամբ ներկայացվողը. Washington Post
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը փաստացի կարող է հասնել 23 միլիոնի, որը մոտ 10 անգամ ավելին է, քան պաշտոնական վիճակագրությունը, հայտնում է Washington Post պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ առողջապահության նախարարության Հիվանդությունների կառավարման և կանխարգելման կենտրոնի ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդին:
«Մեր ճշգրիտ հաշվարկների համաձայն՝ ներկա պահին յուրաքանչյուր գրանցված դեպքի հետ փոխկապակցված փաստացի 10 այլ վարակակիր կա երկրում»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռեդֆիլդը:
Նրա խոսքով՝ վարակվածության դեպքերի հաշվարկը կատարվում է երկրի ողջ տարածքում հավաքագրված արյան նմուշների հետազոտության հիման վրա, որի միջոցով արյան բաղադրության մեջ կորոնավիրուսի հակամարմինների առկայությունն է ստուգվում: Ուսումնասիրությունների արդյունքներից բխող հաշվարկների համաձայն՝ հաստատված յուրաքանչյուր դեպքի հետ փոխկապակցված 10 մարդու արյան մեջ հակամարմին է հայտնաբերվել: Սրանից ելնելով էլ եզրակացվում է, որ փաստացի վարակման դեպքերի թիվը 23 միլիոնի է հասնում:
Մինչ այժմ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման 2.3 միլիոն դեպք է գրանցվել, որոնցից 121 հազարը՝ մահվան ելքով: Առողջացել է ավելի քան 656 հազար վարակակիր:










