Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման համար ստեղծված նոր դեղամիջոց կօգտագործվի. РИА Новости

03:31 • 26.06.20

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի բուժման նպատակով ստեղծված նոր պրեպարատ է գրանցել դեղամիջոցների պետական ռեեստրում, հայտնում է РИА Новости-ն:

Խոսքը «Արեպլիվիր» անվամբ դեղամիջոցի մասին է, որի քիմիական հենքը ֆավիպիրավիրն է: Այն «Պրոմեդ» ընկերությունն է արտադրում՝ հաբերի տեսքով, որը ցուցված է օգտագործել միայն ստացիոնար բուժման պայմաններում:

Մայիսի վերջին ակադեմիկոս Դմիտրի Պուշկարը, որը Ռուսաստանում պրեպարատի ուսումնասիրություններն է համակարգել, հայտարարել էր, որ «Արեպլիվիր» դեղամիջոցով բուժման մեթոդաբանությունն արդեն մշակել են, ըստ որի՝ այն մեկ շաբաթից ավելի չի ձգվի:

Ըստ ակադեմիկոսի՝ կենդանիների վրա կատարված մինչկլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ դեղամիջոցը հենց կորոնավիրուսի վրա է ազդեցություն գործում և հինգ-վեց օր հետո ոչնչացնում այն:

«Արեպլիվիր»-ը Ռուսաստանում մինչ այժմ պաշտոնապես շրջանառության մեջ դրված երկրորդ դեղամիջոցն է, որը ստեղծվել է ֆավիպիրավիրի հիման վրա և ցուցված է կիրառվելու կորոնավիրուսի բուժման նպատակով: Առաջին նմանատիպ պրեպարատը «Ավիդավիր»-ն է: