Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման, իշխանության յուրացման հետ. իրավապաշտպանը՝ ԱԺ-ի կողմից Սահմանադրության փոփոխության նախագծի ընդունման մասին
Հակասահմանադրական պրոցես է սկսվել արդեն վաղուց և այդ պրոցեսը շարունակվում է։ Այս մասին այսօր Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Ոչ»-ի քարոզչության անդամ Արմեն Գալստյան՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների ընդունմանը։
«Ես խիստ վերապահումով եմ մոտենում այն օրենքին, որն ընդունվել է ԱԺ-ում օրեր առաջ, որովհետև այդ օրենքը չի անցել սահմանված իրավական ընթացակարգ։ Օրենքը չի ուղարկվել Սահմանադրական դատարան՝ վերահսկողության համար։ Այստեղ էլ սահմանադրական կարգի տապալում կա, իշխանության յուրացում կա այստեղ, այսինքն, մի մարմնին վերապահված է լիազորությունը, և այդ մարմինը հնարավորություն չի ունեցել իր լիազորությունն իրականացնելու»,- նշեց նա։
Իրավապաշտպանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանում մինչ այժմ ճգնաժամ չի եղել, ինչպես հայտարարում էին իշխանությունները․ «ՍԴ-ն հիմա ամեն կերպ փորձում են գցել ճգնաժամի մեջ։ Այսօր տեղի ունեցող գործընթացները հետապնդում են մեկ նպատակ, որպեսզի ՍԴ-ն գցեն ճգնաժամի մեջ։ Կունենանք խայտառակ վիճակ, ճգնաժամային և արդեն դրա համար պետք է լուծումներ գտնել»։
Արմեն Գալստյանը նաև նշեց, որ վրդովված է այն իրողությունից, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը մինչև այսօր պատասխանատվության չի ենթարկվել մեկ տարի նիստերին չմասնակցելու համար։
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին կողմ քվերակած ԱԺ 89 պատգամավորների պատասխանատվության ենթարկվելու հարցին, իրավապաշտպանը նշեց․ «Կարծում եմ՝ ապագայում քննչական մարմիններն իրենց կարողությունները զարգացնելու խնդիր են ունենալու հենց այս տիպի հանցագործությունների քննության բնագավառում, որպեսզի կարողանան քննել այնպիսի հանցագործություններ, ինչպիսին սահմանադրական կարգի տապալումն է։ Այդ առումով քննչական մարմինները հետագայում կտան իրենց գնահատականները յուրաքանչյուր պատգամավորի գործողության վերաբերյալ»։










