Գերմանիան պատասխան քայլեր կձեռնարկի, եթե ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանի «Հյուսիսային հոսք-2» գազատարի նկատմամբ
Գերմանիան պատասխան քայլեր կձեռնարկի, եթե Միացյալ Նահանգները լրացուցիչ պատժամիջոցներ սահմանի «Հյուսիսային հոսք-2» գազատարի նկատմամբ, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ներքին մի փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կարող են զգալի թվով եվրոպական ընկերությունների, բանկերի և պետական կազմակերպությունների վերաբերել: Այդ պարագայում, ըստ գործակալության, Անգելա Մերկելի կառավարությունն ի պատասխան ԵՄ-ի հետ գործողությունների համաձայնեցված ծրագրով կշարժվի:
«Հյուսիսային հոսք 2» ծրագրով նախատեսված էր Ռուսաստանի ափից Բալթիկ ծովի հատակով մինչև Գերմանիա երկու խողովակաշարից բաղկացած գազամուղ կառուցել, որով տարեկան 55 միլիարդ խ.մ. ռուսական գազ կարտահանվի Գերմանիա: Նախագծին դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ը, որը ձգտում է եվրոպական շուկայում մեծացնել ամերիկյան սեղմված (թերթաքարային-խմբ.) գազի սպառման ծավալները, ինչպես նաև՝ Ուկրաինան, քանի որ գազամուղի գործարկման դեպքում Կիևը դեպի ԵՄ գազի արտահանման հարցում Ռուսաստանի համար կկորցնի իր տարանցիկ նշանակությունը:










