Եթե նախկին պաշտոնավարումս պետք է հաշվարկեին, ինչու՞ էի երկրորդ անգամ երդվում՝ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելիս. երկու անգամ Սահմանադրություն է փոփոխվել. Ալվինա Գյուլումյան

15:06 • 26.06.20

Եթե իմ նախկին պաշտոնավարումը պետք է հաշվարկեին, ես ինչու՞ էի երկրորդ անգամ երդվում՝ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելիս: Կասեին՝ ՍԴ-ում եղել ես, արի, շարունակիր: Ես երդվել և պաշտոնը ստանձնել եմ 2014-ի հոկտեմբերի 23-ին: Այս մասին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ փոփխնախագահ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, որոնց համաձայն՝ 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորները պետք է լքեն իրենց պաշտոնը:

Հարցին՝ ինքը ո՞ր հիմքով է պաշտոնավարում, Գյուլումյանը նշեց. «Սահմանադրական փոփոխության մեջ որևէ անուն-ազգանուն հանդիպե՞լ եք: Կա առնվազն 12 տարի պշատնովարաված լինելու մասին: Ո՞վ պետք է հաշվի այդ 12 տարին: Ես 2014-ի նոյեմբերի 1-ից եմ պաշտոնավարել: Մինչ այդ ՄԻԵԴ-ում, մինչ այդ ՍԴ-ում: Իմ նախորդ պաշտոնավարումից հետո երկու անգամ Սահմանադրություն է փոփոխվել»,-ասաց նա:

Հարցին՝ ա՞յդ հիմքով է պնդում, որ պետք է պաշտոնավարի, Գյուլումյանն արձագանքեց, թե հակառակը պետք է պնդեն և ինքը պնդելու ոչինչ չունի:

«Այդ դեպքում պետք է գրեին բոլոր ժամանակներում պաշտոնավարած: Գրած է՝ ընդհանուր տևողությամբ, որովհետև նույն Վենետիկի հանձնաժողովի քննարկումների ժամանակ եղել է, որ եթե ուզում ենք հավասարեցնել, եկեք զրոյացնենք բոլորի պաշտոնավարումը, ասենք, որ բոլորը Սահմանադրության՝ ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնավարում են 12 տարի: Դրա համար օրենսդիրը գնացել է այդ լուծմանը, որ հանկարծ չընկալվի, որ Սահմանադրության փոփոխությունից հետո 12 տարի, այլ՝ ընդհանուր տևողությամբ՝ մինչև փոփոխությունները, և դրանցից հետո»,-ասաց Գյուլումյանը:

Հարցին՝ կա՞ որևէ փաստաթուղթ, որ նա շարունակում է պաշտոնավարել ՍԴ-ում, Գյուլումյանն արձագանքեց՝ օրենքի ուժով:

Նա նշեց՝ գոյություն ունեն սահմանադրական փոփոխություններ, և գոյություն ունի ՍԴ մասին օրենք, սահմանադրական փոփոխությունները պետք է իրենց կոնկրետացումը գտնեն ՍԴ մասին օրենքում:

Դիտարկմանը, թե արտերկրում աշխատել, վերադառնալուց հետո հավելավճար ստանալու համար դատարան է դիմել, այսինքն՝ իրեն համարել է դատավո՞ր, որ հավելավճար է ուզել, Գյուլումյանը պատասխանեց.

«Իհարկե, ես ինձ համարել եմ դատավոր, որովհետև դատավորի ստաժի հավելավճարը ոչ միայն ՍԴ-ի դատավորի համար է, այլև ցանկացած ատյանում դատավոր աշխատելու համար: Իմ բերած փաստարկը վերաբերել է նրան, որ ես, լինելով ՄԻԵԴ-ում, նոււյնպես եղել եմ դատավոր, և, հետևաբար, պետք է շարունակվի: Դրանք տարբեր բաներ են, այս հարցում դիտավորյալ թյուրըմբռնում կա, որովհետև նա, ով այդ մասին հայտարարել է, ինքը շատ լավ գիտի, որ ես վկայակոչել եմ նոր դատական օրենսգիրքը, որ ՄԻԵԴ-ում իմ պաշտոնավորումը ամրագրվեց, որ ՀՀ-ի մասնակացությամբ միջազգային դատարանում փորձառությունը նույնպես համարվում է դատավորի աշխատանք, փորձ: Երբ այդ նորմն ուժի մեջ մտավ, դիմեցի ՍԴ-ին՝ խնդրելով այդ կարգով հաշվարկել իմ հավելավճարը: Այդ ժամանակ աշխատակազմի ղեկավար էր պարոն Վարդանյանը, իր պատասխանն էր, որ ես նոր դատավոր եմ համարվում, որովհետև ընտրվել եմ 2014-ից հետո: Ես ասում եմ, որ ես դատավոր եմ համարվել նաև ՄԻԵԴ-ում, իմ ասածը դրան է վերեբերվել»,-պարզաբանեց Գյուլումյանը՝ ընդգծելով, թե դա պարգևավճար չէ, հավելավճար է, որ ստանում է ցանկացած դատավոր՝ իր աշխատած յուրաքանչյուր տարվա համար:

Նա նշեց, որ չի կարող մեկնաբանություն տալ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ ՍԴ-ին ուղղված դիմումին, որը վերաբերում սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությանը: