Երկրում սողացող հեղաշրջում է. միակ բաստիոնը, որ իշխանությունը չէր նվաճել, ՍԴ-ն էր, ժողովուրդը պետք է տեր կանգնի ՍԴ-ին, որը պայքարում էր բռնապետության դեմ. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

12:57 • 26.06.20

Պետության մեջ տեղի է ունենում սողացող հեղաշրջում: Այս մասին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ չորս գումարումների պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին:

«Ես կարծում եմ՝ ՍԴ-ն այն մարմինն էր, որ իսկապես կարողացավ այս մեկ տարին կանգնել, մարդավարի պայքարել իշխող ուժի դեմ, և այսօր մենք պետք է վարձահատույց լինեինք, որովհետև իշխող ուժը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շատ ցինիկորեն, հակաօրինական ձևով հարձակվել է ՍԴ-ի վրա»,-նշեց նա:

Հակոբյանի դիտարկմամբ՝ իշխող ուժն օգտագործում է կորոնավիրուսը, հակաօրինական օրենքներ ընդունում, Սահմանադրությունը «ցեխաջրի» մեջ է գցում, բայց հասարակությանը պարտադրում է, որ ենթարկվի արտակարգ դրությանը:

«Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ ժողովուրդը ոտքի կանգնի: Այո՛, եթե անհրաժեշտ է, պետք է գրավել Ռադիոտունը: Ցավոք սրտի, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ օրենքի սահմաններում իշխանությունը փոխել հնարավոր չէ, որովհետև Նիկոլ Փաշինյանը բացարձակ հակաօրինական դաշտում է գործում, և ինչպես ինքն իրականացրեց պետական հեղաշրջում՝ անշուշտ, նաև այդ ժամանակ գործող իշխանությունների որոշ ուժային ստրուկտուրաների հետ միասին, հիմա պետք է նաև այդպես պետական պահպանության օբյեկտները գրավելով՝ իրեն վռնդել իշխանությունից: Իրենք այսօր պետությունը տանում են դեպի կործանում»,-ասաց Հակոբյանը՝ նշելով, թե ժամանակն է, որ ընդդիմությունն իսկապես ադեկվատ քայլեր անի:

«Նվնվոցներին, թե իշխանությունը հակասահմանադրական քայլեր է ձեռնարկում, Փաշինյանն ուշադրություն չի դարձնում: Նա ասում է՝ իր ընտանիքը որոշել է այդպես ապրել, իմ ընտանիքը գտնում է, որ պետք է ծխախոտի, ադամանդի, զենքի մաքսանենգությամբ զբաղվի: Նա այսօր կարողացել է իրավիճակ ստեղծել, որ պարտադրում է ժողովրդին ապրել հակաօրինական դաշտում»,-ասաց Հակոբյանը՝ նշելով, թե կգտնվեն մարդիկ, որոնք կպայքարեն:

«Միակ բաստիոնը, որ նվաճված չէր իշխանության կողմից, ՍԴ-ն էր, ժողովուրդը պետք է տեր կանգնի ՍԴ-ին, պետք է տեր կանգնի այն մարդկանց, որոնք պայքարում են այս բռնապետության դեմ: Իշխանությունները գտել են ժողովրդից էմոցիա գողանալու ձևը, նախկին իշխանություն ասելով՝ իրենք կարողանում են արդարացնել իրենց»,-ասաց Հակոբյանը:

Վերջինիս դիտարկմամբ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սադրանքի է՝ ենթարկվել՝ ստորագրելով  հակասահմանադրական օրենքը:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն ընդունել էր սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որով կասեցվում է 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Այս նախագիծը մասնագիտական շրջանակների կողմից որակվել է որպես օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։