Մենք համաշխարհային մակարդակով հակառեկորդներ ենք սահմանում. այլընտրանք չկա, առաջիկայում պետք է գնալ հակահամաճարակային կանոնների խստացման. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Մենք համաշխարհային մակարդակով նոր հակառեկորդներ ենք սահմանում, և ցավոք սրտի ՀՀ-ն մեկ միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով և ամենօրյա նոր վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, թե դա մեծ խնդիր է բոլորիս համար, բայց կա մեկ՝ շատ կարևոր խնդիր, որից բխում է մյուս խնդիրը:
«Այս իրավիճակի գիտակցումը և տրամադրությունը ՀՀ-ում չկա․ հիմա մեր երկրում պետք է լիներ մի իրավիճակ, երբ երկրի 3 միլիոն բնակչությունն ամբողջությամբ ամենօրյա ռեժիմով պայքարեր համավարակի դեմ, բայց ցավոք սրտի այդպիսի իրավիճակ դեռևս չունենք, ընդհակառակը՝ շարունակվում է ապատեղեկատվության տարածումը կորոնավիրուսի վերաբերյալ: Շատ դեպքերում կյանքը շարունակում է բնականոն հունով ընթանալ, ինչին մենք իհարկե դեմ չենք, բայց կարծում ենք՝ ՀՀ-ում կյանքը բնականոն հունով պետք է ընթանա, սակայն հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ»,-ասաց վարչապետը:
Նա հայտնեց, թե պարետատան նիստին քննարկել ու եզրակացության հանգել, որ այլընտրանք չկա, և առաջիկայում պետք է գնալ հակահամաճարակային կանոնների խստացման: «Քանի դեռ մենք թվերի փոփոխություն չունենք, քանի դեռ հակառակ դինամիկա չենք արձանագրել, պետք է գնանք խստացման կանոններով, ընդ որում՝ այդ խստացումների փաթեթը կարող է ամենատարբեր ուղղություններն ունենալ»,-ասաց նա:
Նա ասաց, թե քրեական գործ է հարուցվել, երբ կորոնավիրուսը հաստատված անձը որոշել է տաքսի վարել: Փաշինյանը նշեց, թե եկել է ժամկետը, երբ պետք է վճարվեն վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքները. «Մենք քննարկում ենք նաև այնպիսի օրենսդրական փոփոխություններ մտցնելը, որ տուգանքի նշանակումից մինչև գանձելու պահը առավել կարճ ժամանակահատված կտևի»,-ասաց նա՝ ընդգծելով, թե այդ քայլերին գնում են ոչ թե քաղաքացիներին տուգանելու, այլ կանոնները համատարած պահպանելու համար:










