«Ինչո՞ւ ձեր նախարարությունը պահպանության տակ չի առնում հայկական եկեղեցին». Կարո Փայլանը հարցում է ուղղել Թուրքիայի մշակույթի նախարարին հայկական «Սուրբ կույսեր» եկեղեցու վերաբերյալ
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը խորհրդարանի ամբիոնից հարցում է ուղղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին Վանի նահանգում գանձագողերի թիրախում հայտնված հայկական «Սուրբ կույսեր» եկեղեցու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է t24.com.tr կայքը:
«Ճարտարապետական տեսանկյունից կարևոր այս կառույցը լքվածության և գանձագողերի գործողությունների հետևանքով ոչնչացման եզրին է գտնվում: Նրանց գործողությունների և իշխանությունների անտարբերության պատճառով Վանի ու շրջակա տարածքների պատմամշակութային կոթողներն ավերվում են»,-հայտարարել է Փայլանը:
Հայազգի պատգամավորը նախարարին ուղղված հարցման մեջ բարձրացրել է հետևյալ հարցերը.
1) Արդյո՞ք պարզվել է այն մարդու կամ մարդկանց ինքնությունը, որոնք փորման աշխատանքներ են կատարել եկեղեցում և դրա շրջակայքում, նրանց դեմ որևէ իրավական գործընթաց սկսվե՞լ է:
2) Ինչո՞ւ ձեր ղեկավարած նախարարությունը պահպանության տակ չի առնում «Սուրբ կույսեր» եկեղեցին և Վանի նահանգի մյուս պատմամշակութային քրիստոնեական կոթողները:
3) Որևէ աշխատանք տանելո՞ւ եք մենաստանի վերակառուցման համար:
4) Կազմե՞լ եք արդյոք Վանի նահանգում գտնվող, հայերի կառուցած եկեղեցիների, մենաստանների և մշակութային կոթողների ցանկը:
5) Հայերի մշակութային հետքերի վերացումը մինչ այժմ տարվել է պետական քաղաքականության մակարդակով: Ծրագրո՞ւմ եք արդյոք փոխել այդ քաղաքականությունը:










