Թրամփը Բոլթոնին «մոլագար» է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին է քննադատել՝ նրան «մոլագար» անվանելով ու շեշտելով, որ նրա ուշքն ու միտքը պատերազմն է եղել պաշտոնավարման ժամանակ, ТАСС-ի փոխանցմամբ՝ Թրամփն այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում:
«Բոլորը նրան խելագար էին համարում, քանի որ նա միայն ցանկանում էր ռմբակոծել մարդկանց ու առաջարկում էր պատերազմ սկսել Ռուսաստանի և Չինաստանի դեմ: Բանակցությունների ժամանակ ինձ միշտ տալիս էին այն, ինչ ցանկանում էի, քանի որ երբ կողքից այդ մոլագար Բոլթոնին էին տեսնում, վախենում էին, թե ռմբակոծելու հարցում չեմ վարանի»,-նշել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարն ասել է նաև, որ Բոլթոնը վատ էր կատարում իր աշխատանքը: «Նա ո՛չ խելացի էր, ո՛չ էլ՝ ճկուն: Ես գոնե մեկ դեպք չեմ հիշում, որ նա ծիծաղած լինի: Մի անգամ հարցրեցի նրան, թե արդյո՞ք ծիծաղում է ընդհանրապես: Դա մարդու մասին շատ բան է ասում»,-հավելել է ԱՄՆ ղեկավարը:










