Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված խոշոր հրդեհը մեկուսացվել է. հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ, լուսանկարներ)

21:38 • 26.06.20

23։10

Հրդեհի վայր ժամանեց նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նշեց, թե քաղաքապետարանի 10 ջրցան ավտոմեքենաները ևս ներգրավված են հրդեհի մարման աշխատանքներին:

«Մենք ունենք 30 ջրցան մեքենա, և այսպիսի իրավիճակներում կարող ենք օգնել ԱԻՆ-ին, և ոչ միայն Երևանի սահմաններում»,-ասաց նա՝ նշելով, թե մյուս 20 ջրցան մեքենաները ևս հարկ եղած դեպքում դեպքում կաշխատեն տարածքում:

Նա նշեց, որ տարածքը 100 հեկտար է, որից 8 հեկտարն է պատկանում քաղաքային իշխանությանը, մնացածը՝ ՀՑԹԻ-ին:

22։50

ԱԻ նախախարը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց, թե շենք-շինությունները, այդ թվում ՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը վնաս չի եղել:

Տարածքում, նախարարի տեղեկացմամբ, աշխատել է ԱԻՆ մոտ 120 աշխատակից:

22։40

Մարզահամերգային համալիրի տարածքում այս պահին մեծ հրդեհ է. այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը:

«Հրդեհի ահազանգը եղել է 21:00-ին: Բիս 1 կանչով 10 մարտական հաշվարկ աշխատում է տեղում»,-նշեց Զարգարյանը:

Նրա խոսքով՝ հրդեհի ընդգրկման մակերեսի և այլնի մասին մասնրամասներ այս պահին չկան:

Զարգարյանը հայտնեց նաև, որ դեպքի վայրում են եղել նաև փրկարար ծառայության ղեկավարներ:

Նշենք, որ դեպքի վայր է ժամանել նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է: Իհարկե, հետաքննությունը պատճառները կպարզի, ուղղակի ֆիքսենք, որ մոտ կես ժամ առաջ էդ հատվածում ահավոր մեծ հրավառություն էր:

Ռեստորանային հրավառությունները լուրջ պրոբլեմ են էս քաղաքի համար»։

Նշենք, որ հրդեհի լուսանկարները և տեսանյութերը հրապարակում էին ֆեյսբուքյան օգտատերերը։ Նշվում էր, որ հրդեհը բռնկվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։