ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել Սուրբ Սոֆիայի տաճարը պահպանել որպես թանգարան
Միջազգային կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ դեսպան Սեմ Բրաունբեկը խնդրել է թուրքական իշխանություններին Սուրբ Սոֆիայի տաճարը պահպանել որպես թանգարան: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Սուրբ Սոֆիայի տաճարը հոգևոր և մշակութային մեծ նշանակություն ունի աշխարհի տարբեր դավանանքների ներկայացուցիչ միլիարդավոր հավատացյալների համար: Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը պահպանել այն որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ և պահպանել դրա հասանելիությունը բոլորի համար ներկայիս թանգարանային կարգավիճակով»,-գրել է Բրաունբեկն իր թվիթերյան էջում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնականներին հանձնարարել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կարգավիճակի վերափոխելու մասին բազմակողմանի ուսումնասիրություն կատարել:
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537 թվականներին ՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:
1453-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935-ին, Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:










