Դոնալդ և Մելանյա Թրամփները հարգանքի տուրք են մատուցել Կորեական պատերազմի զոհերի հիշատակին (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ ծաղկեպսակ է դրել Կորեական պատերազմի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրի մոտ, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ դա արվել է պատերազմի 70-րդ տարելիցի կապակցությամբ:
ԱՄՆ նախագահական զույգը ծաղկեպսակը դնելուց հետո մի քանի րոպե շփվել է վետերանների հետ: Պարբերականը նկատում է, որ նրանցից որևէ մեկը պաշտպանիչ դիմակ չի կրել, վետերանների հետ ձեռքսեղմումներ չեն եղել և պահպանվել է սոցիալական հեռավորության կանոնը:
Կորեական պատերազմի վետերանների հուշահամալիրը նվիրված է ԱՄՆ զինված ուժերի այն ծառայողներին, որոնք մասնակցել են Կորեական պատերազմին: Հուշահամալիրը գտնվում է Վաշինգտոնում:
Հուշահամալիրը բաղկացած է գրանիտե պատից և դրա դիմաց զինվորների՝ պողպատից ձուլված արձաններից:
Կորեական պատերազմը, որը տեխնիկապես դեռևս չի ավարտվել, խլել է մոտ հինգ մլն մարդու կյանք: Զոհվել է 36 000 ամերիկացի զինվոր:
Աղբյուրը նշում է, որ Կոմունիստական Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Հարավային Կորեա է ներխուժել 1950թ. հունիսի 25-ին՝ ցանկանալով ուժով վերամիավորել Կորեական թերակղզին:
Պատերազմն ավարտվել է 1953թ. կնքված հրադադարով, սակայն խաղաղության համաձայնագիր այդպես էլ չի կնքվել, ինչի հետևանքով թերակղզին բաժանված է ապառազմականացված գոտով: Հարավի և Հյուսիսի հարաբերությունները շարունակում են գերլարված մնալ, հաճախ հնչում են ռազմական գործողություններ սկսելու սպառնալիքներ:



















